Փետրվարի 16-ին, ժամը 05:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի կրկեսի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ եւ արգելափակվածներ, ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 21010» մակնիշի 34 NR 537 եւ «Mercedes» մակնիշի 35 NV 858 (վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ՝ 1993 թ. ծնված Ռ. Ա.-ը, 1997 թ. ծնված Ա. Ե.-ը եւ 1995 թ. ծնված Ս. Խ.-ը համապատասխանաբար հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ եւ «Թիվ 1 համալսարանական կլինիկա»: Բժիշկները Ռ․ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Ա. Ե.-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ Ս. Խ.-ը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները: