ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության արդյունքում կասեցրել է «Փարվանա 97» (Կոտայք), «Էթյունի» (Կոտայք) եւ «Միքս Վե Գրուպ» (Երեւան) ՍՊԸ-ների, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերեր Ռադա Կարամյանին (Ամավիր), Գոհարիկ Մանուկյանին (Կոտայք), Գառնիկ Սարգսյանին (Արարատ), Աստղիկ Մարտիրոսյանին (Կոտայք) պատկանող հացի եւ հրուշակեղենի արտադրամասերի գործունեությունը:

Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման եւ տեղափոխման տարածքներ կանխելու եւ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը եւ անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական եւ պարբերական բժշկական զննության:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումների վերացման համար: