Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 16-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի արդեն նախկին պետ Էդվարդ Սիրականյանի հարցաքննությունը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում մեղադրող Արա Մնացականյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ առկա է հակասություն: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հիշեցնենք, որ դատարանում Էդվարդ Սիրականյանը հայտարարել էր, որ Սոս Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին ինքը քննարկում է ունեցել իր պետ Բունիաթ Եղիազարյանը եւ գործը քննող Միքայել Զադոյանի հետ: Քննարկմանը, ըստ բաժնի նախկին պետի, որեւէ կարծիք կամ դիրքորոշում չի հնչել Սոս Գասպարյանի մեղադրանքը վերաորակելու վերաբերյալ: Նշենք, որ Միքայել Զադոյանն ու Գայանե Գալոյանը մեղադրվում են Սոս Գասպարյանի հորից կաշառք պահանջելու եւ վերցնելու մեջ, որ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը վերաորակեն 116-րդի:
Նախաքննական ցուցմունքում մինչդեռ Էդվարդ Սիրականյանը սկզբում վստահեցրել է, որ այս գործի վերաբերյալ ոչինչ չի մտաբերում, ապա հիշել էր. «Նոր հիշեցի, որ գործի ավարտական փուլում իրենք կարծիք են հայտնել, որ առկա է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման տարրեր: Նրանց ասացի, որ քննարկեն վարչական շրջանի դատախազի հետ: Քննարկել էին, վերջինս էլ էր տատանվել եւ դիմել էր Երեւան քաղաքի դատախազությանը: Այստեղից էլ հարցն ուղարկել էին գլխավոր դատախազություն, որտեղ հայտնել էին, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկենք դատարան 112-րդ հոդվածի հատկանիշներով»:
Դատարանում վկան հայտարարեց, որ ինքը «կարծիք» ասելով նկատի է ունեցել «փաստական տվյալներ»:
«Այսինքն փաստական հանգամանքներն ու կարծիքը նույնական են»,- Սիրականյանին դիմեց մեղադրողը, ինչին վկան զարմանալիորեն տվեց դրական պատասխան՝ նշելով կրկին, որ ինքը հենց դա է նկատի ունեցել:
Կողմերի հարցերի ի պատասխան, պարզվեց, որ «քննարկեն» բառն էլ է վրիպակ եղել. վկան «կքննարկեմ» է նկատի ունեցել: Թե ինչպես է երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող քննիչը նման «անուշադիր» ցուցմունք տվել, նա այդպես էլ հստակ պատասխանել չկարողացավ:
«Հայոց լեզուն շատ ճկուն է... նորից եմ ասում՝ եղել է փաստական տվյալների ներկայացում: Կարծիքն այն է, որ պետը հարցնում է՝ ինչ եք կարծում, իրենք էլ պատասխանում են»,- հայտարարեց նա:
Էդվարդ Սիրականյանի պատասխանները մի պահ նույնիսկ դատավոր Մեսրոպ Մակյանին հունից հանեցին:
«Ցուցմունքի մեջ ի՞նչ տողատակ եւ ենթատեքստ: Դուք քննիչ եք, մի՞թե բառերի կարեւորությունը չեք հասկանում»,- դիմեց նրան դատավորը:
Վկան նորից հայտարարեց, որ պետք է իմաստը կարեւորել, ոչ թե բառերը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին եւ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:
Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:
.jpg)




























