Կառավարությունը հաստատել է բնապահպանական պլանային մոնիթորինգի արդյունքների հրապարակման կարգը։ Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության փետրվարի 22–ի նիստի ժամանակ։ Որոշման նախագիծը ներկայացրել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։  

Նրա խոսքով՝  մոնիթորինգի արդյունքների հրապարակման ժամկետների  հստակեցումը կապված է ընդերքի օգտագործման բնապահպանական վնասի նվազեցման եւ կանխարգելման հետ. «Այդպիսի տվյալների բացակայությունը բացասաբար է ազդում ընդերքի օգտագործման ընդհանուր ազդեցության ճիշտ գնահատմանը, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների կողմից համապատասխան որոշումների կայացմանը»,–նշել է նախարարը։

Որոշման համաձայն, մետաղ արդյունահանողները լիազոր մարմնին ամեն եռամսյակային ամսվա 20–ին ներկայացնում են հաշվետվություն, իսկ տարեկան հաշվետվությունը պետք է ներկայացվի փետրվարի 20-ից ոչ ուշ։

Բացի այդ, ընդերքն օգտագործողները  իրենց վեբ կայքերում պետք է տեղադրեն անցկացված մոնիտորինգի արդյունքները, ընդ որում, եթե օգտագործվում են ավտոմատ սարքավորումներ, դրանց տվյալները պետք է ներկայացվեն անմիջապես։ Լիազոր մարմնի կողմից մոնիտորիգի արդյունքների ստացումից հետո 10 օրվա ընթացքում պետք է հրապարակվեն կառավարության կայքում։ «Դրա հետ մեկտեղ, ընդերքօգտագործողները պարտավոր կլինեն ամեն 5 տարին մեկ վերանայել եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցնել բնապահպանական վնասի նվազեցման եւ կանխարգելման աշխատանքների ծրագիրը։