Համբուրգի Գերագույն հողային դատարանը գերմանացի լրագրող Յան Բյոմերմանի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործի վերաբերյալ սկսել է կողմի բողոքները քննել, հաղորդում է DW- ն:

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարին Համբուրգի դատարանը որոշեց, որ երգիծաբանին արգելվում է Էրդողանի մասին բանաստեղծական երգիծանքից կրկնել մի շարք առավել վիճահարույց հատվածները, հիմնականում, սեռական ենթատեքստով: Միեւնույն ժամանակ, դատավորները ամբողջովին չեն արգելել բանաստեղծությունը, ինչպես ցանկանում էր թուրքական պետության ղեկավարը:

Բյոմերմանը բողոքարկել էր այս որոշումը՝ հայտարարելով իր ստեղծագործական ազատության սահմանափակման մասին: Միաժամանակ բողոքարկել էր նաեւ Էրդողանը: Ըստ  Էրդողանի՝ դատարանի որոշումը շատ մեղմ է եւ նա պահանջում է բանաստեղծության ամբողջական արգելումը: Որոշումը կայացնելու համար դատարանին մի քանի շաբաթ կպահանջվի:

Յան Բյոմերմանի սքեթչը, «գոտկատեղից ներքեւ» կատակների օգտագործմամբ, որում նա ծաղրում է Թուրքիայի նախագահին, հեռարձակվել էր 2016-ի մարտի 31-ին ZDFneo թվային հեռուստաալիքի Neo Magazin Royale հաղորդման ժամանակ: Անկարան պահանջել էր  Բյոմերմանի հանդեպ քրեական հետապնդում սկսել՝ նրան մեղադրելով Էրդողանին վիրավորելու մեջ: