Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնեւի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին:

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Միավորված ազգերի կազմակերպության եւ նրա կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվաածության կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակի գլխավոր տնօրենը մտքեր փոխանակեցին Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, անդրադարձան ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման բնագավառում Հայաստանի նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանը հանդես է եկել գործողությունների հստակ առաջարկություններ պարունակող եւ կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ի եւ նրա անդամ երկրների գործունեության վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի նոր բանաձեւ ընդունելու նախաձեռնությամբ։ Նախարար Նալբանդյանը զրուցակցին տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանը դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպելու է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը:

Զրուցակիցներն անդրադարձան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին, կարեւորեցին դրանց արդյունավետ իրականացումն ու այդ ուղղությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների համագործակցությունը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց «Կայուն զարգացման նպատակների» իրագործման շրջանակներում Հայաստանի ներգրավվածությունը եւ իրականացրած աշխատանքները:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։

Էդվարդ Նալբանդյանը Մայքլ Մյոլլերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։