Virgin Hyperloop One ընկերությունը Դուբայում տեղի ունեցած ցուցահանդեսում ցուցադրել է իր նոր ուղեւորատար գնացքի ներքին դիզայնը: Այս մասին հայտնում է Electrek պարբերականը:
Hyperloop ուղեւորատար պարկուճի մանրակերտը ԱՄԷ-ում ինովացիաների մեկամսյակի շրջանակում City Walk Dubai-ում ցուցադրվել է Dubai Roads and Transport Authority-ի հետ (Դուբայի Ճանապարհատրանսպորտային գերատեսչությունը) գործակցությամբ:
Լուսանկարներից ակնհայտ է, որ պարկուճներն անչափ ընդարձակ են: Դրանցում կարող են ուղեւորներն ազատ տեղաշարժվել եւ ամբողջ հասակով կանգնել:
Փետրվարի 25-ին հաղորդվել էր, որ Hyperloop տրանսպորտային համակարգի համար ենթակառուցվածքների կառուցման նպատակով ներգրավվել է ուկրաինական «Յուժմաշ» ձեռնարկությունը: Ավելի ուշ հայտարարվել էր, որ ուկրաինական Hyperloop-ով ուղեւորության արժեքը կկազմի մոտ 500-600 գրիվեն: Դեկտեմբերին Virgin Hyperloop One ընկերությունը կարողացել է պարկուճի արագությունը զարգացնել մինչեւ ժամում 387 կմ:
Hyperloop-ը արագընթաց տրանսպորտի նախագիծ է, որը 2012 թվականին առաջարկել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը: Մտահղացման համաձայն՝ ուղեւորներով պարկուճները պետք է տեղաշարժվեն հատուկ վակուումային թունելներում:






























