Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը կհանդիպի եւ կընթրի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հատուկ բանագնացների պատվիրակության հետ, հաղորդում է «Սինհուան»։

Հարավային Կորեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Ըյ Գեմը հայտնել է, որ հատուկ բանագնացների պատվիրակությունը համաձայնել է հանդիպել եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ միասին ընթրել երկուշաբթի՝ մարտի 5-ին, տեղական ժամանակով ժամը 18:00-ին:

Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըյ Յոնի գլխավորած 10-հոգանոց պատվիրակությունն ավելի վաղ հատուկ չվերթով մեկնել էր Փհենյան։

Պատվիրակության կազմում ներառված են 5 բանագնացներ եւ 5 պաշտոնյաներ, դրանց թվում՝ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Սո Հոունը, Ազգային միավորման հարցով փոխնախարար Չուն Հե Սուն, Ազգային հետախուզության ծառայության տնօրենի երկրորդ տեղակալ Կիմ Սան Գյունը եւ նախագահի աշխատակազմից Յուն Կուն Յանը: