Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով այսօր՝ մարտի 6-ին, նշանակված դատական նիստը հետաձգվեց:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրում գործով ամբաստանյալ Միքայել Զադոյանի պաշտպաններից Հրանտ Անանյանը դատարանին հայտնեց, որ Զադոյանի մյուս պաշտպան Սիմոն Ամիրխանյանն առողջական խնդիրներ ունի, չի կարող ներկա գտնվել դատական նիստին եւ միջնորդեց այս նիստը հետաձգել:
«Սիմոն Ամիրխանյանը փոխանցել է, որ ինքը նույնպես հարցեր ունի վկաներին եւ խնդրեց այսօրվա նիստը հետաձգել»,- հայտարարեց Հրանտ Անանյանը:
Մյուս ամբաստանյալների պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը: Մեղադրող Արա Մնացականյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ ամբաստանյալն ունի երկու պաշտպան եւ մեկի բացակայությունը խոչընդոտ չի կարող հանդիսանալ դատաքննությունը շարունակելու համար: Չնայած դատավոր Մեսրոպ Մակյանը համաձայնվեց մեղադրողի հետ, այնուամենայնիվ, որոշում կայացրեց նիստը հետաձգել՝ մի քանի անգամ նշելով, որ իր համար սա ողջունելի տարբերակը չէ:
«Հաշվի առնելով, որ Սիմոն Ամիրխանյանը նույնպես հնարավոր է հարցեր ունենա այսօր հարցաքննվող վկաներին, այսօրվա նիստը կհետաձգենք, չնայած նորից եմ ասում՝ չեմ ողջունում»,- ասաց դատավորը:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 23-ին:
Նշենք, որ այսօրվա նիստին պետք է շարունակվեր կաշառք տալու մեջ մեղադրվող Սոս Գասպարյանի հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:
Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:




























