Գյումրին Հայաստանի ամենափոշոտ քաղաքներից է։ Այդ մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով բնապահպանության նախարարության տեղեկատվության վրա։
Նոյեմբեր ամսվա օդային ավազանի որակի մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիան նորման գերազանցել է 2.1 անգամ, իսկ հոկտեմբերի համեմատ փոշու միջին ամսական կոնցենտրացիան բարձրացել է 1.2 անգամ:
Գյումրին փաստորեն ավելի փոշոտ է, քան ցեմենտի գործարան ունեցող Հրազդանը։ Այսպես՝ Հրազդան քաղաքի մթնոլորտային օդում ցեմենտի փոշու միջին ամսական
կոնցենտրացիան դիտվել է թույլատրելի նորմայի սահմանում։ Միայն ցեմենտի մեկ այլ գործարանի մերձակայքում՝ Արարատ քաղաքում է փոշու կոնցետրացիան գերազանցում Գյումրիին։ Արարատում ցեմենտի փոշին նորման գերազանցում է մոտ 4 անգամ։
Հետազոտության արդյունքներով՝ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները օդի որակի հետ կապված խնդիրներ ունեն։ Երեւանում, մասնավորապես, արձանագրվել է օդի մեջ ազոտի օքսիդի թույլատրելիից բարձր պարունակություն, Վանաձորում խնդիրներ կան ծծմբի երկօքսիդի հետ կապված։ «Սարսափելի» կարելի է որակել իրավիճակը Ալավերդիում, որտեղ գտնվում է Հայաստանի միակ պղնձաձուլարանը։ Այս քաղաքում ծծմբի երկօքսիդը նորմայից բարձր է 6,3 անգամ։





























