Մարտի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, տարածաշրջանի 5 երկրների Լիտվայի դեսպաններին, ինչպես նաեւ՝ Լիտվայի ԱԳՆ-ի Արեւելյան գործընկերության քաղաքականության պատասխանատուներին: Այցելության նպատակներից էր նաեւ՝ ծանոթանալ արտակարգ իրավիճակների կառավարման, կանխարգելման եւ արձագանքման հայկական փորձին: Հյուրերն այցելեցին նաեւ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի հագեցվածությանը, ինչպես նաեւ «911/112» ծառայությունների աշխատանքին:   

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների եւ բնակչության պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման եւ խորացման հնարավորությունները՝ նաեւ  Եվրամիության հետ Հայաստանի երկկողմանի համագործակցության համատեքստում:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը նշեց, որ հայ-լիտվական համագործակցության ոլորտում սպասվում են նոր շեշտադրումներ ուղղված բնակչության պաշտպանության, պատրաստվածության եւ դիմակայունության մակարդակի բարձրացմանը: Նախարար Տոնոյանը շեշտեց, որ աշխատանքներ են տարվում ակտիվացնել բնակչության պաշտպանությանն ու պատրաստվածությանն ուղղված միջոցառումները նաեւ ՆԱՏՕ-ի ձեւաչափում:

Շնորհակալություն հայտնելով արտակարգ իրավիճակների կառավարման հայկական փորձին ծանոթանալու հնարավորության համար՝ դեսպան Է. Պետրիկասը նշեց, որ արտակարգ իրավիճակների կենտրոնացված (մեկ պատուհանի սկզբունքով) կառավարման հայկական փորձը կարող է օգտակար լինել Լիտվայի համար, ինչպես նաեւ բարձր գնահատեց արդյունաբերական առանձնապես վտանգավոր օբյեկտների հանդեպ սահմանված շուրջօրյա մոնիթորինգային համակարգի աշխատանքը:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը Լիտվական կողմին հրավիրեց մասնակցելու այս տարի Հայաստանում իրականացվող արտակարգ իրավիճակների ոլորտին նվիրված համապետական եւ միջազգային մի շարք միջոցառումների. ինչպիսիք են՝ հունիս ամսին Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքները եւ դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները (համապետական վարժանք, Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ):