Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր՝ մարտի 13-ին, հրապարակվեց գործից անջատված մասով նշանակված լրացուցիչ եւ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացությունները:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակված լրացուցիչ փորձաքննության եզրակացության՝ Մերի Մարգարյանին 2015թ.-ի հուլիսի 27-ին ժամը 04.00-ի սահմաններում ցանկալի էր անել արտապլանային հետազոտություններ՝ արյան բիոքիմիական, արյան ընդհանուր: Ըստ եզրակացության՝ ծննդկանին ճիշտ կլիներ բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխել կոնսիլիում հրավիրելուց անմիջապես հետո, իսկ կոնսիլիումն էլ պետք է բուժման հստակ տակտիկա առաջարկեր:
Նշենք, որ անջատված մասով վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե արդյոք ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ մեղավորություն ունեն ծննդատան տնօրենի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը, հուլիսի 26-ին հերթապահ բժիշկ Տիգրան Սարգսյանն ու ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը: Ի դեպ, խոսքը միայն 2015թ.-ի հուլիսի 26-ից հուլիսի 27-ին առավոտյան ժամը 09,00-ին է վերաբերվում:
Կրկնակի փորձաքննությունը նշանակվել է 2017թ.-ի հունվարի վերջին: Փորձաքննությունը նշանակվել էր պարզելու այն նույն հարցերը, ինչ լրացուցիչ փորձաքննության ժամանակ:
«Ես մի բան չհասկացա՝ կրկնակի փորձաքննության հիմքն ի՞նչն է հանդիսացել»,- դատավարության մասնակիցներին դիմեց դատավոր Դավիթ Բալայանը:
Պարզվեց, որ լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը կարճել էր քրեական գործը, որից հետո գործը վերահսկող դատախազը վերացրել էր կարճման որոշումն ու կրկնակի փորձաքննություն նշանակել: Մինչեւ եզրակացության հրապարակումը՝ Դավիթ Բալայանը հունից դուրս եկավ՝ հայտարարելով, որ մեղադրողի ներկայացրած փաստաթուղթն անընթեռնելի է: Նա նույնիսկ մի կողմ շպրտեց փաստաթուղթը՝ նշելով, որ դատական նիստը հետաձգվում է: Մեղադրող Արա Մնացականյանը, սակայն, առարկեց՝ հայտարարելով, որ կարող է ընթերցել այն: Ի դեպ, մեղադրողը եզրակացությունը վարժ ընթերցեց:
Ըստ 2017թ.-ի նոյեմբերին ստացված եզրակացության՝ 2015թ.-ի հուլիսի 27-ին ժամը 04.00-ի սահմաններում, հաշվի առնելով հիվանդի բացասական դինամիկան, հնարավորության դեպքում Մերի Մարգարյանին ցանկալի էր կատարել արյան, մեզի ընդհանուր քննություններ, արյան բիոքիմիական հետազոտություն, կոագուլոգրամմա, լյարդի ֆունկցիոնալ փորձեր, սակայն, միանշանակ ասել, թե վերջիններիս իրականացման պայմաններում տվյալ պահին կարելի կլիներ ախտորոշել ՀԵԼԼՓ համախտանիշ, թե ոչ, հնարավոր չէ:
«Կարելի է նշել միայն, որ նշված հետազոտություններն իրականացնելիս համապատասխան շեղումներ արձանագրվելու դեպքում, ի վերջո, Մերի Մարգարյանի եւ վերջինիս նորածին երեխայի մահվան հետ պատճառահետեւանքային կապի մեջ գտնվող ՀԵԼԼՓ համախտանիշի զարգացումը բուժանձնակազմի կողմից կարող էր դառնալ կանխատեսելի»,- ասված էր եզրակացության մեջ:
Եզրակացության համաձայն, այդ օրը պետք է հրավիրվեր կոնսիլիում, կատարվեին համապատասխան հետազոտությունները՝ ախտորոշումը հաստատելու համար, որի պայմաններում էլ հնարավոր կլիներ հնարավորինս շուտ մտաշել կեսարյան հատման մասին, ինչը եւ կմեծացներ ծննդկանի եւ երեխայի կյանքը փրկելու հավանականությունը:
Եզրակացությունների հրապարակումից հետո դատարանը հայտարարեց դատաքննության ավարտի մասին: Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 6-ին, մեղադրողը հանդես կգա մեղադրական ճառով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին, երկու օր անց էլ նորածին աղջիկն էր մահացել: Գործով կա 2 մեղադրյալ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Բախշյանը հղիությունը հսկած բժշկուհին է, իսկ Բաբելյանն էլ հուլիսի 25-ին հերթապահը:



























