2010-ին Հայաստանի ազգային արխիվ 2010թ.դիմել է ավելի քան 25 հազ. քաղաքացի` նախորդ տարվա 24 690-ի դիմաց, իսկ արխիվի ընթերցարանում 2010-ին աշխատել է 420 հետազոտող` նախորդ տարվա 350-ի դիմաց: Այս տեղեկություններն են հայտնել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, ով այսօր՝ հունվարի 12-ին այցելել է Հայաստանի ազգային արխիվի Երեւանում գտնվող ստորաբաժանումներ:

Մ. Բաղրամյան պողոտայում գտնվող թիվ 2 մասնաշենքում նա Ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի քանի օր առաջ շահագործման հանձնված օդաորակման համակարգին, որը մշտական կայուն ջերմաստիճան կապահովի արխիվի պահոցներում: Այս մասնաշենքում շուտով շահագործման կհանձնվեն շարժական դարակաշարերով նոր արխիվապահոցներ, որտեղ հնարավոր կլինի պահպանել 50 հազար արխիվային գործ:

Ա. Գեւորգյանը եղել է նաեւ Արխիվի Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում գտնվող փաստաթղթերի մասնաճյուղում, որտեղ պահպանվում են հայկական առաջին ֆիլմից` «Նամուս»-ից սկսած մինչեւ վերջին տարիներին նկարահանված ֆիլմերը: Ստորգետնյա արխիվապահոցներում կինոնկարների ժապավենների անխաթար պահպանման համար վերջին տարիներին ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ: Հայաստանի պետական արխիվի համար  2008թ. ձեռք է բերվել համակարգչային նոր տեխնիկա, ֆիլմեր թվայնացնող սարքավորում, իսկ 2009-10թթ. թվայնացվել է Արխիվի Թբիլիսյան խճուղու մասնաճյուղում պահպանվող 2000 հայկական վավերագրական ֆիլմերից 500-ը:

Ազգային արխիվի գլխավոր մասնաճյուղում  Ա. Գեւորգյանին ներկայացվել է 2010թ. վերակառուցված արխիվապահոցները, որտեղ տեղադրված են նոր շարժական դարակաշարեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պահպանել 300 հազարից ավելի արխիվային գործ:

Շրջայցին հաջորդած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ անցած տարի արխիվի տարբեր մասնաճյուղերում  իրականացվել է 103 մլն դրամի կապիտալ ներդրում: Տեղեկացվել է, որ 2011 թ. շարունակվելու է արխիվի ժողովածուների հրատարակումը, որը հնարավորություն կտա արխիվում պահվող արժեքավոր փաստաթղթերը մատչելի դարձնել հասարակությանը: Միաժամանակ մեծ ուշադրություն է դարձվելու համացանցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընդլայնմանը, շարունակվելու է արխիվապահոցների վերազինումը, ինչպես նաեւ արտերկրի արխիվներում պահպանվող հայ ժողովրդի պատմությանն առնչվող փաստաթղթերի պատճենների ձեռքբերումը եւ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Այս հարցում Ա. Գեւորգյանն առաջարկել է համագործակցված աշխատել ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: