NEWS.am-ի հարցազրույցը «Սպայկա» ընկերության զարգացման ծրագրերի համադասող Կարեն Բաղդասարյանի հետ:

Պրն. Բաղդասարյան, «Սպայկա»-ն Հայաստանի խոշորագույն գյուղմթերք արտահանող ընկերությունն է։ Որքա՞ն գյուղմթերք եք արտահանել անցած տարում։

Նախ նշեմ, որ մեզ համար տարին սկսում եւ ավարտվում է հունիսի 1-ին։ Մենք այս պահին ունենք մթերված ապրանքներ, որ շարունակում ենք արտահանել, ու մինչեւ ապրիլ դեռ կարտահանենք։ Ժամկետային այս կտրվածքով՝ կարտահանենք 5500 տոննա, այս պահի դրությամբ արտահանել ենք 4000 տոննա։ Հիմնականում արտահանվել է խաղող, կաղամբ (այն հիմա էլ արտահանում ենք), նաեւ լոլիկ, դեղձ եւ փոքր քանակությամբ ծիրան։ Այս տարի մենք պատրաստ ենք մինչեւ 30 հազ. տոննա գյուղմթերք արտահանել։

Հիմնականում դեպի ո՞ր երկրներ են գնում հայկական մրգերն ու բանջարաբոստանային կուլտուրաները։

95 տոկոսից ավելին գնում է դեպի ԱՊՀ երկրներ, հիմնականում Ռուսաստան եւ Ուկրաինա։ Փորձնական կարգով ծիրանի արտահանում ենք կազմակերպել նաեւ դեպի Գերմանիա եւ Հոլանդիա։ Եվրոպական ուղղություններով ծավալները 2011-ին կմեծանան։

Եվրոպական շուկան որքանո՞վ հեռանկարային է։

Եվրոպական շուկա մտնելու համար միայն որակն ու համապատասխան փաթեթավորումը բավական չէ։ Պետք է հաշվի առնել, թե ում հետ ենք մտնում մրցակցության մեջ։ Օրինակ՝ ռուսական շուկայում մեր հիմնական մրցակիցները եվրոպացիներն են, թուրքերը, որոշ չափով՝ ԱՊՀ-ից ներկրողները։ ԱՊՀ-ում մենք շուկան գրավեցինք ԱՊՀ մատակարարներից, հետո անցանք եվրոպական եւ թուրքական մատակարարներին։ Իսկ Եվրոպայում պետք է մրցակցենք անմիջապես եվրոպական եւ թուրքական մատակարարների հետ, որն ավելի դժվար է։ Մենք կարողացանք կատերալագործել եւ փաթեթավորումը, եւ լոգիստիկան, ավելի որակյալ ապրանք ենք առաջարկում, ու այս տարի արդեն պատրաստ ենք նրանց հետ մրցակցել։

Իսկ հայկական մրգերից ո՞րն է առավել հեռանկարային ու մրցունակ այլ շուկաներում։

Բնականաբար՝ դա ծիրանն է, խաղողի որոշ տեսակներ։ Դեղձը նույնպես հեռանկարային է, բայց մասշտաբի առումով մեր բրենդները ծիրանն ու խաղողն են։

Ասացիք, որ լոլիկ եք արտահանում։ Միեւնույն ժամանակ մենք Թուրքիայից էժան լոլիկ ենք ներմուծում։ Ինչպե՞ս է հայկական լոլիկը արտասահմանում մրցակցում թուրքականի հետ։

Հայաստանը Թուրքիայից ներմուծում է ջերմոցային լոլիկներ։ Մենք արտահանում ենք բացառապես բաց գրունտի արտադրության լոլիկ, ջերմոցային լոլիկը մեզ համար հետաքրքիր չէ, քանի որ ծավալներ չկան։ Եթե լոլիկի արտադրության տեխնոլոգիաները պահպանվեն՝  բաց գրունտի հայկական լոլիկը արտաքին շուկաներում միանգամայն մրցունակ է։ Ջերմոցային եւ բաց գրունտի լոլիկի գների միջեւ միջազգային շուկայում մոտ 60 տոկոս տարբերություն կա։ Մենք հնարավորություն ունենք բաց գրունտի լոլիկով մրցակցել թուրքական ջերմոցային լոլիկի հետ, սակայն այն պետք է լավ տեսակավորվի։ Ցավոք՝ մեր ֆերմերները որակյալ արտադրանք չեն տալիս։ Անցյալ տարի մթերեցինք 1000 տոննայից ավելի լոլիկ, որից արտահանման ենթակա էր 150 տոննան։ Մնացածը նորից հանձնեցինք տեղական մթերողներին։ Ֆերմերները չեն պահպանում ագրոտեխնիկական պայմանները, կոնկրետ լոլիկի մասով՝ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործում կար։ Այն ստանդարտները, որոնցով աշխատում ենք՝ մերը չեն։ Այդ ստանդարտները թելադրվում են ռիելթորական ցանցերի եւ հիպերմարկետների կողմից։

2010 թ. առաջին անգամ Հայաստանից կաղամբ արտահանեցիք։ Այդ շուկան որքանո՞վ է հեռանկարային։

Շուկան հեռանկարային կլինի, եթե ֆերմերները կատարելագործեն ագրոտեխնիկան եւ ստանան մրցունակ ինքնարժեքով ապրանք։ Անցյալ տարի Ռուսաստանում երաշտի հետեւանքով մոտ 1 մլն տոննա կաղամբ պակաս արտադրվեց։ Մենք կարողացանք այդտեղ մուտք գործել։ Շուկայում հաստատուն կմնանք, եթե կաղամբ արտադրող ֆերմերները շարունակեն մեզ հետ համագործակցել։ Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելացնել բերքը՝ իջեցնելով ինքնարժեքը։ Եթե դա տեղի ունենա՝ մենք կարող ենք գյուղացիներին հետաքրքիր առաջարկներ կատարել թե՜ կաղամբի, թե՜ կարտոֆիլի, թե՜ այլ բանջարաբոստանային կուլտուրաների հետ կապված։

Հայկական խաղողը վրացականի համեմատ ավելի մրցունա՞կ է։

Վրաստանում սեղանի խաղողը շատ քիչ է, այնտեղ հիմնականում գինու համար նախատեսված խաղողներ են արտադրում։ Ռուսական շուկայում մենք հիմնականում մրցակցում ենք ուզբեկական, թուրքական, իտալական խաղողների հետ, կամ Ռուսաստանի հարավային շրջաններում աճեցվող խաղողի հետ։ Այս տարի մոտ 1200 տոննա խաղող ենք արտահանել, այսինքն՝ հաջողությամբ մրցակցում ենք։

Վերին Լարսի բաց կամ փակ լինելը ինչպե՞ս է անդրադառնում ձեր գործունեության վրա։

Վերին Լարսի անցակետի բացումը մեզ համար կարեւորագույն նշանակություն ունեցավ։ Փոթի-Նովոռոսիսյկ լաստանավային փոխադրումը իրականացվում է ամսական 3 անգամ՝ 10 օրը մեկ։ Իսկ այնպիսի կարճ կյանք ունեցող ապրանքների դեպքում, ինչպիսին ծիրանն է, կամ այլ մրգերը, դա նպաստավոր հանգամանք չէ։ Ծախսի տեսանկյունից նույնպես տարբերություն կա՝ լաստանավում մեկ բեռնատարի տոմսն արժե 2000 դոլար։ Այսօր Վերին Լարսի անցակետը աշխատում է շնորհիվ մեր ընկերության կողմից ձեռք բերած հատուկ տեխնիկայի, որն ապահովում է ձմեռային պայմաններում մեքենաների տարանցումը, իսկ ձյան մաքրման աշխատանքները կարգավորում է վրացական կողմը։ Մեր տեխնիկան օգնում է Հայաստան մտնող բոլոր մեքենաներին։

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը