ՀՅԴ Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Սերժ Սարգսյանի անփոխարինելիության փաստարկները շատ դեպքերում տեղին է համարում:
«Հայաստանի առջեւ լուրջ մարտահրավերներ կան կանգնած. գաղտնիք չէ, որ ունենք Արցախի անվտանգության հետ կապված խնդիր, ունենք բանակցային պրոցես, որի մյուս կողմը բանակցելի չէ, տարածաշրջանում կան լրջագույն զարգացումներ՝ անկանխատեսելիության տարրերով, Հայաստանում տեղի է ունենում կառավարման համակարգի փոփոխություն: Այս բոլորը մարտահրավերներ ու ռիսկեր են եւ այս պարագայում բնականաբար, նաեւ տրամաբանական է մոտեցումները, որ հնչում են Սերժ Սարգսյանի փորձառության, լավատեղյակ լինելու հետ»,-այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արսեն Համբարձումյանը:
Ճշտող հարցին, թե կիսում է ՀՀԿ-ականների դատողությունները՝ կապված Սերժ Սարգսյանի անփոխարինելիության հետ, Արսեն Համբարձումյանն, ըստ էության, դրական պատասխան տվեց. «Այո, եթե առողջ դատողությամբ մոտենանք, չկիսելով որոշ ձեւակերպումներ, էպիտետներ, այդ փաստարկները խորքում հիմնավորումներ ունեն եւ այդ փաստարկները տեղին են»:
Հարցին, թե Կարեն Կարապետյանի չի՞ կարող բանակցային սեղանի շուրջ նստել, Համբարձումյանը պատասխանեց. «Ես Կարեն Կարապետյանի փոխարեն չեմ կարող ասել, որովհետեւ ենթադրում եմ, որ յուրաքանչյուրն էլ կարող է բանակցային սեղանի շուրջ նստել, այլ բան է, թե բանակցությունների արդյունքում ինչ արդյունքներով դուրս կգանք»:
Արսեն համբարձումյանը նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն բանակցությունների, փոխզիջումների. «Ադրբեջանը բանակցելի կողմ չէ: Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի վրա է: Դա բոլորի համար է ակնհայտ, այդ թվում միջազգային հանրության»:
Այս հայտարարության կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը ճշգրտող հարց տվեց. ըստ էության, ստացվում է, որ անկախ այն բանից, թե ով բանակցություններ կվարի Հայաստանից, անկախ նրա քաղաքական փորձից, այս կամ այն քաղաքական կուսակցությանը հարելուց եւ այս կամ այն քաղաքական հայացքներն ունենալուց, Բաքուն ամեն դեպքում ամեն կերպ տապալելու եւ խոչընդոտելո՞ւ է կարգավորման գործընթացը:
Հետեւաբար, ՀՅԴ անդամների եւ իշխող Հանրապետական կուսակցության հայտարարություններն առ այն, որ Սերժ Սարգսյանին դժվար կլինի արժանի փոխարինող գտնել երկրի ապագա ղեկավարի պաշտոնում, հակասում են Բաքվի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցությունների անարդյունավետությանը մասին հայտարարություններին:
Այս անգամ Արսեն Համբարձումյանը պատասխանեց, որ չպետք է հապշտապ եզրակացություններ անել իր խոսքերից, քանի որ այդ եզրակացությունները կարող են սխալ լինել. «Եթե տեսականորեն ենթադրենք, հայկական կողմը գնա էական զիջումների, որոնք ընդունելի լինեն Ադրբեջանի համար, Ադրբեջանը կարող է լինել նաեւ բանակցելի: Սակայն քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, փոխզիջումներից խոսելն ավելորդություն է»:




























