Տարածքային կառավարման  եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում  իր արած–չարածի մասին որոշակի հաշվետվություն է ներկայացրել։ Դաշնակցական նախարարը մարզային շրջագայությունների ժամանակ  մարզպետարաններում արձանագրել է մի շարք թերացումներ, որոնց պատասխանատուները, ըստ նրա, ոչ թե մարզպետն  ու փոխմարզպետներն են, այլ հնարավորինս ներքին օղակը՝ վարչության պետերը, որոնք պաշտոնավարումը խիստ կասկածի տակ է։

Դավիթ Լոքյանը  հրահանգել է, որ վերանայեն նրանց պաշտոնավարումը, այսինքն՝  պաշտոնանկ անեն օրենքի սահմաններում։ Լոքյանը շտապել է ընդգծել, որ այդ բացթողումները եւ թերացումները մարզպետներին չեն վերաբերվում։

Պարզվել է, որ Դավիթ Լոքյանը  գյուղվարչության, քաղաքաշինության վարչության պետերին հարցրել է՝ 2017–ի ընթացքում քանի՞ շինթույլտվություն է եղել եւ այդ թվաբանությունը ստույգ չեն իմացել:

«Երբ գյուղվարչության, քաղաքաշինության վարչության պետին հարցնում ես՝ ձեր մարզում քանի՞ շինթույլտվություն եք տվել 2017–ի ընթացքում, քանի քմ բնակելի կամ հասարակական կառուցապատում է իրականացվել, որտե՞ղ են այսօր ընթանում ներդրումային շինարարական ծրագրերը, եթե չի կարողանում պատասխանել, բնականաբար, վարչության պետը իր տեղում չի եւ պետք է ազատվի իր գրաված պաշտոնից»,-ասաց Լոքյանը:

Այս պատկերից սրտնեղած նա հենց տեղում էլ հանձարարել է լուծել վարչության պետերի հարցը։