Սերժ Սարգսյանի վարքագծից չի երեւում, որ ապրիլյան պատերազմում արձանագրած ձախողումները նա ի գիտություն է ընդունել։ NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմից Սերժ Սարգսյանի քաղած դասերին։ Մեր զրուցակիցը ստախոս անվանեց բոլոր նրանց, որոնք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անհրաժեշտությունը պայմանավորում են մեր սահմանների անվտանգության պահպանմամբ։ Ապրիլյան պատերազմում կորցրած 800 հեկտար տարածքը եւ հարյուրից ավել զոհերն ու բազմաթիվ վիրավորները վկայում են Սերժ Սարգսյանի պարտության մասին։     

«Ստախոս են բոլոր նրանք, ովքեր ասում են, որ մեր սահմանները անառիկ են եւ հատկապես, որ դա ասում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման համատեքստում։ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ 800 հեկտար կորցրել է։ Այսինքն՝ սա հաստատում է, որ ստում են՝ ասելով, որ սահմանները անառիկ են»,–հայտարարեց Լեւոն Բարսեղյանը։  Նրա խոսքով մեր անվտանգությունը, անառիկությունը կասկածի տակ է այնքան ժամանակ, մինչեւ որ երկրում չհաստատվի օրինական իշխանություն։

«Արտաքին թշնամուց պաշտպանող ուժեղ բանակի առաջին քայլը օրինավոր իշխանությունն է։ Երկրորդ քայլը՝ կոռուպցիայից զերծ իշխանություն ունենալն է, այս երկու գլխավոր պայմաններին ՀՀ իշխանությունը չի համապատասխանում։ Երկիրը հետզհետե դառնում է բռնատիրական, միահեծան կառավարվող, ինչն ամրագրվում է օրենսդրական փոփոխություններով։ Ես վստահ եմ, որ սա չի նպաստում արտաքին թշնամուց պաշտպանունակության ավելացման։ Կոռուպցիայի բացահայտման կամ նվազեցման ուղղված որեւէ քայլ չեմ տեսնում՝ բացի ցուցադրական կառույցներ ստեղծելուց, որոնից մեկն էլ, օրինակ, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն է»,–ասաց Լեւոն Բարսեղյանը։ Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական բանակում բացահայտված  թերացումների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում մեր զրուցակիցը եւս տեղաշարժ չի արձանագրել։ 

«Կոնկրետ ապրիլյան ճակատամարտի մեղավորներին, հանցագործներին բացահայտելու, պատասխանատվութան ենթարկելու մասով նույնպես տեղաշարժ չեմ տեսնում։ Երկու–երեք հոգու գործից հանեցին, քրեական գործեր հարուցեցին, բայց վաղուց ժամանակն էր, որ տեսնեինք, թե ովքեր են դատվում, ինչ ժամկետներով։ Սերժ Սարգսյանը գլուխը դրել էր Անգելա Մերկելի  ծնկին եւ ողբում էր՝ 80–ականների զենքով ենք կռվում, մինչդեռ 2012 թվականին Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ  բանակը վերազինվում է, ամեն ինչ կարգին է լինելու, բայց 4 տարի անց տալիս ենք առնվազն 106 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ ու նյութական կորուստներ, եւ իր հայտարարելով 800 հեկտար տարածքի կորուստ։  Սերժ Սարգսյանի, նրա իշխանության վարքից չի հասկացվում, որ այդ ձախողումները ընդունվեցին ի գիտություն»։

Ըստ Լեւոն Բարսեղյանի, ապրիլյան պատերազմից հետո  բարեխիղճ գլխավոր գերագույն հրամանատարը կհայտարարեր , որ չի հաջողվել իրեն ապահովել անվտանգությունը, ձախողել է պաշտպանությունը եւ կհեռանար։ Ապրիլյան պատերազմի ձախողումներից քաղած դասերը պետք է արտահայտվեին արմատական փոփոխություններով, որոնք այդպես էլ տեղի չունեցան։