Մարտունի քաղաքի դիահերձարանում երեկ մարտի 29-ին-ին, ստեղծված կոնֆլիկտային իրավիճկան այդպես էլ լուծում չի ստացել: NEWS.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ Հակոբ Խաչատրյանը պատմեց, որ չնայած իրենց պնդումներին իր մահացած հարազատին դիահերձում չեն կատարել, այլ միայն այսօր են դիահերձել:

«Ինչքան էլ պնդեցինք, որ դիահերձումը երեկ կատարեն, որպեսզի դին չթողնենք նման պայմաններում, այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին: Ստիպված թողել ենք, այսօր են դիահերձումն արել: Սակայն մենք ուզում ենք խնդիրը բարձրաձայնել, թե ինչ պայմաններ են տիրում Մարտունու դիահերձարանում, ինչ սարսափելի սանիտարահիգիենիկ պայմաններ են, որպեսզի պետական մարմիները տեսնեն»,-նշեց Հակոբ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Մարտունու դիահերձարանում:  Մահացածի հարազատները պահանջում էին անհապաղ դիահերձում կատարել, քանի որ չէին կարող դին թողնել նման վատ սանիտարահիգինեիկ պայմաններում: 

Դիահերձարանում էլ  հրաժարվում էին դիահերձել` ասելով, որ դին պետք է մեկ օր մնա` մինչեւ դատաբժշկի գալը:

Նշենք, որ 71-ամյա Միշա Խաչատրյանը մահացել էր երկարատեւ հիվանդությունից: