Ֆրանսիայում ապրիլի 3-ի երկաթուղիների աշխատակիցների զանգվածային գործադուլը կբերի TGV ճեպընթացների չվերթների 88 տոկոսի չեղարկման։ Այս մասին հաղորդել է ֆրանսիական SNCF ազգային երկաթուղային ընկերության ղեկավարությունը։

Սպասվում է, որ երեքշաբթի առավոտյան մեկնարկող գործադուլին մասանկցելուն են SNCF-ի մեքենայավարների 77 տոկոսը, նրանց կմիանան նաեւ այլ աշխատակիցներ։ Այդ օրը կչեղարկվի TGV ճեպընթացների չվերթների 88 տոկոսը, Intercite միջքաղաքային չվերթների 87 տոկոսը եւ TER տարածաշրջանային էլեկտրագնացքների 70 տոկոսը:

SNCF-ի տվյալներով, ապրիլի 3-ին կչեղարկվի Eurostar գնացքների չվերթների 25 տոկոսը, այս գնացքը Փարիզն ու Բրյուսելը միացնում է Լոնդոնին։ Նաեւ կդադարեցվի Thalys արագընթաց էքսպրեսի չվերթների 10 տոկոսը, սա միացնում է Ֆրանսիայի հյուսիսը Բելգիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի արեւմտյան շրջանների հետ։