Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2018 թվականի հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 43.2 տոկոսով` կազմելով 1.098 մլրդ դոլար, կամ 512.4 մլրդ դրամ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաշվետու հատվածում արտահանումը աճել է 41 տոկոսով` կազմելով 386.9 մլն դոլար (186 մլրդ դրամ): Ներմուծումը աճել է 44,4 տոկոսով` կազմելով 711,5 մլն դոլար (326 մլրդ դրամ): Արդյունքում, Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն խորացել է 48 տոկոսով` մինչեւ 324.6 մլն դոլար:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ առեւտրի շրջանառությունը աճել է բոլոր հիմնական ուղղություններով` ԱՊՀ-ի հետ` 30,7 տոկոս՝ մինչեւ 335,9 մլն դոլար (երկրի ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության 30,6 տոկոսը), Եվրամիության` 53,7 տոկոսով՝ միչնչեւ 261,5 մլն դոլար (23,8 տոկոս), հեռավոր արտասահմանի երկրների` 47.7 տոկոս՝ մինչեւ 500.9 մլն դոլար (45.6 տոկոս):
2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին հայկական ապրանքների հիմնական գնորդներն են եղել Ռուսաստանը՝ արտահանման 23.3 տոկոսը, Շվեյցարիան` 17, Բուլղարիան՝ 11.4, Գերմանիան` 7, Իրաքը` 5.2, Նիդերլանդները` 5.1, Միացյալ Արաբական Էմիրությունները `4,5, Չինաստանը` 4,2, ԱՄՆ-ն՝ 3,1 տոկոս: Ներկրվող ապրանքների հիմնական մատակարարները եղել են Ռուսաստանը՝ ընդհանուր ներմուծման մեջ` 30.4, Չինաստանը` 12.1, Գերմանիան` 5.4, ԱՄՆ-ն` 4.8, Շվեյցարիան` 4.4, Թուրքիան` 4, Իրանը` 3.9, Իտալիան` 3.1 տոկոս:
Հայաստանի արտահանման հիմնական ճյուղը 117 մլն դոլար արժողությամբ հանքաքարի հումքն է (տարեկան 38.5 տոկոս աճ): Այնուհետ հաջորդում են` պատրաստի սննդամթերքը՝ 79.5 մլն դոլար (տարեկան աճը` 22.8 տոկոս), թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր եւ ապրանքներ` 61.2 մլն դոլար (տարեկան աճը 47.1 տոկոս), ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր՝ 56.2 մլն դոլար (տարեկան աճը 42 տոկոս), տեքստիլ արտադրանք` 30.1 մլն դոլար (տարեկան աճը ավելի քան 2 անգամ):
Ներմուծման մեջ նույնպես գերակայում է հանքաքարի հումքի բաժինը` 125.6 մլն դոլար (3.8 տոկոս աճ), ինչպես նաեւ մեքենաներ, սարքավորումներ եւ տեխնիկա` 117.4 մլն դոլար (87.4 տոկոս աճ): Այնուհետեւ քիմիական արտադրություն՝ 60.2 մլն դոլար (աճը` 45.8 տոկոս), թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր եւ իրեր`54.1 մլն դոլար (53.5 տոկոս աճ), պատրաստի սննդամթերք` 52.9 մլն դոլար ( (43.7 տոկոս աճ), ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր`49.3 մլն դոլար (աճը` 71.6 տոկոս), տրանսպորտային միջոցները` 47.2 մլն դոլար (աճը ավելի քան 3 անգամ), տեքստիլ արտադրանք` 42 , 5 մլն դոլար (16.4 տոկոս աճ):



























