Հայաստանում գործում է նպաստների 10 տեսակ, եւ դրանցից յուրաքանչյուրի նշանակման եւ վճարման համար պետությունը, ըստ օրենքի, տարբեր ժամկետներ է սահմանում։ Այս մասին ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Նա նշել է, որ այս բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով նպատակահարմար չէ հաստատել 5–օրյա միասնական ժամկետ նպաստների համապատասխան վճարում նշանակելու համար, քանի որ նպաստներ են տրվում տարբեր պայմաններում եւ ոչ բոլորն են պահանջում որոշակի ժամանակ։ «Անհնար է իրականացնել նման վարչարարություն այդ ժամկետներում։ Դրանք առանձին բարդություններ կստեղծեն»,–հավաստիացրել է Ասատրյանը։
Նշենք, որ օրինագծի համաձայն, մասնավորապես, առաջարկվում է քաղաքացիներին վճարել նպաստները՝ չսպասելով մինչեւ նրանք ներկայացնեն իրենց կարգավիճակի մասին փաստաթղթեր։ Նաեւ առաջարկվում է, որ նպաստների վճարման որոշումը կայացվի եւ իրականացվի 5 օրվա ընթացքում։
Սակայն, այս օրինագիծը հենց հեղինակի՝ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի առաջարկով ուղարկվել է լրամշակման եւ քննարկման կդրվի 2 ամիս անց։



























