Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցին անհրաժեշտ է սթափ մոտենալ: Այս մասին ապրիլի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Պատասխանելով Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքի մասին տարբեր հայտարարությունների եւ գնահատականների վերաբերյալ հարցին, նախկին նախարարը նրբանկատորեն նշեց, որ Հայաստանի զինանոցում «Իսկանդեր» կա Ռուսաստանի շնորհիվ, ինչը որոշում է ուժերի դասավորությունը: «Երբ հավասարակշռության մասին են խոսում, խոսքը չի վերաբերում միայն քանակին»,- նշեց Հարությունյանը: Ըստ որում՝ նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը չի հրաժարվի զենքի վաճառքից: «Սա մանկապարտեզ չէ: Իմ եւ քո խաղալիքները: Սա ռազմավարական շահեր են»,- նշեց Հարությունյանը: Այս կապակցությամբ նա հիշեց, որ մինչեւ 2010 թվականը Ռուսաստանը Բաքվին զենք չի վաճառել, վաճառել է Թուրքիան: «Երբ ինչ-որ բանի մասին խոսում ենք, անհրաժեշտ է ամբողջության մեջ դիտարկել: Ռուսաստանը պատերազմի վերսկսմամբ շահագրգռված չէ եւ կձգտի ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները քիչ հավանական են: «Ապրիլյան իրադարձությունների նպատակը տեղային էր: Անհեթեթ է պատերազմ սկսել եւ մեկ օր հետո խաղաղություն խնդրել: Ապրիլին չէ՞ որ հենց իրենք վախեցան: Մենք գործ ունենք ադրբեջանա-թուրքական դաշինքի հետ, եւ բոլոր որոշումներն ընդունվում են Ստամբուլում: Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում են պատրաստություն անցնում, էլ չեմ խոսում այն մասին, որ թուրք զինվորականները մասնակցել են ապրիլյան իադարձություններին: Նրանք պարաստություն են անցնում քրդերի դեմ գործողություններում: Եթե խոսքը միայն Ադրբեջանի մասին լիներ, մեր պոտենցիալը բավարար կլիներ: Սակայն տվյալ դեպքում բավարար չէ»,- նշեց Վաղարշակ Հարությունյանը՝ շարունակելով. ««Իսկանդերը» ռազմավարական զենք է, որը կարող է Բաքու հասնել: Էլ ո՞վ ունի այս զենքից»: