ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 5-ին, հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարին Սուրբ Աթոռում ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ ամեն անգամ իր այցերը բարեկամ Վատիկան ուղեկցվում են երկուստեք մեծ խորհուրդ ունեցող իրադարձություններով։ Դրանցից մեկը` Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացումը Վատիկանում, Նախագահի համոզմամբ, մեկ անգամ եւս հաստատում եւ ապացուցում է Հայաստանի հոգեւոր կապը Սուրբ Աթոռի հետ: Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնելու եւ խորացնելու հոգեւոր եւ մշակութային կապերը Վատիկանի հետ՝ խարսխված նույնակունք քրիստոնեական արժեքների եւ մշակութային ժառանգության վրա:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի գործունեությունը, որի շնորհիվ նաեւ, Նախագահի գնահատմամբ, նորովի ամրապնդվեց Վատիկանի դերը միջազգային ասպարեզում՝ որպես խաղաղության հաստատման, հանդուրժողականության, փոխըմբռնման եւ մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պետքարտուղար Պարոլինը կշարունակի իր հոգածության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի պետական քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:



























