Մալթայի Ուխտը միշտ այնտեղ է, որտեղ օգնությունն ամենապահանջվածն է՝ լինի դա Սիրիայում, Կոնգոյում, Հաիթիում թե Աֆղանստանում։ Հայաստանն էլ, չնայած իր համեստ հնարավորություններին, Սիրիայի համար ամենածանր օրերին, մարդասիրական օգնություն ուղարկեց սիրիացի եղբայր ժողովրդին։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մալթայի ինքնիշխան ուխտի հետ ՀՀ-ի համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո։

«Նախ շնորհակալ եմ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի հյուրը լինելու եւ այս ջերմ ընդունելությունը վայելելու համար։ Ես շատ ոգեշնչված եմ, քանի որ այսօր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ միասին մասնակցեցի «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված հայ ժողովրդի զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը։ Այն մենք համարում ենք երկու քրիստոնյա համայնքների համերաշխության եւս մի հավերժ խորհրդանիշ:

Ինձ համար այս այցը նույնպես մեծ խորհուրդ ունի․ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։ Հետադարձ հայացք նետելով այս անցած տարիներին՝ ուրախ եմ, որ մենք այսօր արձանագրելու բան ունենք։ Դեռեւս 1998 թվականին Մալթայի Ուխտը դեսպան հավատարմագրեց Հայաստանում, եւ մենք տարիներ առաջ փոխադարձեցինք այդ քայլը։

Մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ Վարպետի՝ 2016 թվականի անդրանիկ այցը Հայաստան՝ նոր որակ հաղորդելով բարեկամական ոգով զարգացող մեր համագործակցությանը: Եթե հավելենք նաեւ իմ այսօրվա այցը, ապա կարող ենք վստահորեն փաստել, որ բարձր մակարդակի երկխոսության այս դինամիկան պահելու ցանկությունը երկուստեք է, ինչը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել մեր հարաբերություններում առկա ներուժը։

Րոպեներ առաջ Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ուխտի միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագիրը նպատակ ունի խթանելու մարդասիրական, առողջապահական բնագավառներում համատեղ գործունեությունը։ Այս համաձայնագիրը համագործակցության ներուժի բացահայտման մի դրսեւորում է, եւ այն երկուստեք պետք է առավելագույնս ծառայեցնենք իր նշանակությանը։

Ինչպես հայտնի է, առաջին քրիստոնյա երկրի եւ քրիստոնյա հնագույն ուխտի միջեւ դեռ միջնադարում ձեւավորվել են քաղաքական, տնտեսական եւ մշակութային սերտ առնչություններ՝ հիմնված փոխըմբռնման եւ միմյանց սատարելու ցանկության վրա, որոնք՝ քրիստոնեական նույնակունք արժեհամակարգի հետ միասին դարձել են Հայաստանի եւ Մալթայի Ուխտի միջպետական հարաբերությունների ամուր հիմքը։

Անշուշտ, ամենաբարձր դրվատանքի է արժանի Մալթայի Ուխտի ծավալած մարդասիրական գործունեությունն աշխարհում, որից անմասն չէ նաեւ մեր երկիրը։ Շնորհակալ ենք, որ 1988 թվականի երկրաշարժի դժվարին օրերից ի վեր Մալթայի Ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ դարձել է մեր երկրի լավագույն բարեկամը։

Այս համատեքստում առանձնակի ուզում եմ կարեւորել այն փաստը, որ Մալթայի Ուխտի ասպետների եւ հազարավոր կամավորների կողմից աշխարհի 120 երկրներում, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, իրականացվող մարդասիրական ծրագրերի հիմքում ընկած են համերաշխության, մարդասիրության եւ կարիքի մեջ գտնվողներին օգնելու քրիստոնեական սկզբունքները։

Այս գործունեությունը լիարժեքորեն տեղավորվում է Մալթայի Ինքնիշխան Ուխտի մարդասիրական առաքելության ներքո, այն լիարժեքորեն տեղավորվում է հայ ժողովրդի՝ դարերով կոփված հանդուրժողականության եւ համերաշխ համակեցության տեսլականի ներքո։ Մալթայի Ուխտը միշտ այնտեղ է, որտեղ օգնությունն ամենապահանջվածն է՝ լինի դա Սիրիայում, Կոնգոյում, Հաիթիում թե Աֆղանստանում։ Հայաստանն էլ, չնայած իր համեստ հնարավորություններին, Սիրիայի համար ամենածանր օրերին, մարդասիրական օգնություն ուղարկեց սիրիացի եղբայր ժողովրդին։

Եվ հենց այս արժեքներն են, որ մեզ միավորում են, հենց այս արժեքների խթանումն է, որ կարող է դիմակայել աշխարհում ծավալվող այլատյացության ու ծայրահեղականության մերօրյա դրսեւորումներին»,- նշել է նախագահը։