Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի եւ Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ Ուխտի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո հանդիպում է ունեցել Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ:
Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Մալթայի Մարտական Ուխտում Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ընդունելության համար եւ ջերմությամբ հիշել Մալթայի Ուխտի Մեծ Վարպետի անդրանիկ այցը Հայաստան, որը Նախագահ Սարգսյանը համարել է Հայաստանի եւ Մալթայի ուխտի միջեւ դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ նշանակալի իրադարձություն: Այն, Հանրապետության Նախագահի գնահատմամբ, նոր էջ է բացել բարեկամական ոգով զարգացող երկկողմ համագործակցության առավել խորացման եւ ընդլայնման համար:
Հանրապետության Նախագահն ու Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահը երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի եւ Մալթայի ուխտի միջեւ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ եւ վստահություն են հայտնել, որ երկխոսության նման դինամիկայի շարունակականությունը թույլ կտա ապագայում առավել արդյունավետ օգտագործել այդ ներուժը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Մալթայի ուխտի միջեւ համագործակցությանը՝ բարձր գնահատելով այսօր ստորագրված համագործակցության համաձայնագիրը:
Հանդիպման ավարտին Նախագահը գրառում է կատարել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Պատվավոր հյուրերի գրքում.
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել հնագույն հոգեւոր Ուխտի Հռոմի Վարպետաց առանձնատանը: Երախտապարտ եմ ցուցաբերված ջերմ՝ բարեկամական ընդունելության համար:
Մեր կապերը, որ սերում են պատմությունից, լի են փոխադարձ հարգանքի ու միմյանց սատարելու բազմաթիվ դրսեւորումներով։ Վստահ եմ, որ նույն ոգով մենք շարունակելու ենք առավել սերտացնել ու հարստացնել Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հարաբերությունները՝ ի շատ բոլորիս։
Մալթայի Ուխտի ղեկավարությանը, անդամներին եւ հազարավոր կամավորականներին մաղթում եմ ամենայն հաջողություն աշխարհի չորս կողմերում հավատքը պաշտպանելու եւ կարիքավորներին աջակցելու իրենց պատմական առաքելության մեջ»,-գրել է Սերժ Սարգսյանը:
Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա գլխավորած պատվիրակության, Մալթայի Ուխտի Մեծ Վարպետի տեղապահի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ Հանրապետության Նախագահը եւ Մալթայի Ուխտի Մեծ Վարպետի տեղապահը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով` անդրադարձել հայերի եւ Մալթայի Ուխտի պատմական առնչություններին եւ ձեւավորված բարեկամությանը:



























