ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների գրադարանները գրքերով համալրելու գործընթաց է նախաձեռնել, որին աջակցելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ կրթության եւ գիտության, Սփյուռքի եւ Մշակույթի նախարարություները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզային ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական շուրջ 35 հաստատություններ իրենց պարտաստակամությունն են հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարաններին տրամադրելու գեղավեստական գրքեր: Մասնավորապես, «Գորիս» ՔԿՀ-ն Գորիսի համայնքապետարանից ստացել է 150 կտոր գրականություն, «Սեւան» ՔԿՀ-ն Չարենցավան քաղաքի ավագ դպրոցից ստացել է 227 գիրք, «Վանաձոր» ՔԿՀ-ն Լոռու մարզի Վանաձորի քաղաքի «ՀՀ ԿԳՆ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ից ստացել է 180 գիրք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն Երեւանի թիվ 190 ավագ դպրոցից ստացել է 25, Երեւանի թիվ 181 դպրոցից՝ 21 գիրք, իսկ Երեւանի թիվ 128 դպրոցից՝ 21 գիրք, «Հրազդան» ՔԿՀ-ն Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցից ստացել է 35 գիրք, իսկ Կոտայքի մարզի Բյուրեղավանի ավագ դպրոցից՝ 100 գիրք, «Արթիկ» ՔԿՀ-ն «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից ստացել է 400 գիրք, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն Երեւանի թիվ 195 դպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից եւ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի կողմից ընդհանուր առմամբ ստացել է 198 գիրք: Այլ հաստատություններից գրքերի տեղափոխման գործընթացն ընթացիկ փուլում է:

ՀՀ մշակույթի նախարարությունը գրադարանները համալրելու նպատակով  տրամադրել է շուրջ 300 գիրք:

ՀՀ սփյուռքի նախարարությունից ՀՀ արդարադատության նախարարությանն է տրամադրվել 40 գիրք՝ դրանց քրեակատարողական հիմնարկներին փոխանցելու նպատակով, ինչպես նաեւ եւս շուրջ 2000 գիրք տամադրելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ՔԿՀ-ների գրադարանները գրքերով համալրելու գործընթացը շարունակական է: