ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում այսօր՝ ապրիլի 6-ին, կայացել է Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ծրագրի ներդրող-գործարար Տիգրան Հարությունյանը, «Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը, նախարարության եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Փոխնախարար Վաչե Տերտերյանը, կարեւորելով ծրագրի տնտեսական, տարածաշրջանային եւ զբոսաշրջային նշանակությունը, նշել է, որ Հայաստանում մեկնակում է իր ծավալով եւ բովանդակությամբ աննախադեպ ծրագիր, որի նշանակությունը իսկապես համաշխարհային կլինի։ «Հատկանշական է, որ սա զրոյից մեկնարկող խոշորածավալ ծրագրի մի օրինակ կարող է լինել, ինչպիսիք շատ չեն ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում: Մենք գործ ունենք լրիվ նոր ծրագրի հետ»,- ասել է Վ. Տերտերյանը: Փոխնախարարը նաեւ հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունն արդեն մի քանի իրավական ակտեր է ընդունել այս ծրագրի ուղղությամբ՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ եւ գրավիչ օրենսդրական դաշտ։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր հերթին վստահություն է հայտնլ, որ Մայմեխի ներդրումային ծրագիրը նոր զարկ կհաղորդի Լոռու մարզի տնտեսական կյանքին եւ կակտիվացնի բիզնես միջավայրը: «Լոռու մարզը, լինելով արդյունաբերական մարզ, ունի նաեւ տուրիզմի զարգացման լուրջ հեռանկարներ: Հետեւելով կառավարությանը՝ մենք մեր 2017-2025 թթ-ի մարզի տնտեսության զարգացման ռազմավարության մեջ գերակա ուղղություն ենք հռչակել նաեւ տուրիզմի զարգացումը` որպես կարեւորագույն ճյուղ, ուստի մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս կարեւորագույն ծրագիրը մեր մարզում կյանքի կոչվի։ Համոզված եմ, որ մեր մարզի բնակիչները ուրախությամբ կընդունեն ծրագիրը եւ կլինեն առաջին օգտվողներից մեկը»,- եզրափակել է մարզպետը:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ողջունել է ներդրումային ծրագիրը եւ շեշտել, որ զբոսաշրջությունը տնտեսության կայուն զարգացման այն հիմնական գործիքներից է, որը անընդհատության մեջ նպաստում է նաեւ համայնքների զարգացմանը: Զ. Զեյթունցյանի խոսքով, լեռնադահուկային հանգստի գոտիների ստեղծումը հեռանկարային է նաեւ Հայաստանի համար, քանի որ համաշխարհային զբոսաշրջության միտումները թելադրում են ամառային հանգստյան տարբերակներից զատ կարեւորել նաեւ ձմեռային հանգիստը:
Ծրագրի ներդրող-գործարար Տիգրան Հարությունյանը հավաստիացնելով, որ Մայմեխի ծրագիրը իր նախադեպը չունի Հայաստանում, մանրամասնել է.«Ընտրվել է Լոռու մարզը որպես տուրիզմի համար պոտենցիալ ունեցող լավագույն մարզերից մեկը. խոսքը վերաբերում է Լոռու անարատ բնությանը եւ Փամբակի լեռնաշղթային: Փամբակի լեռնաշղթայի բարձրությունը եւ տեղումների քանակը բավականին հարմարավետ են լեռնադահուկային համալիրի ստեղծման համար: Մեզ համար ծրագիրը լինելու է շուրջտարյա, կառուցվելու են սահուղիների լրջագույն ենթակառուցվածքներ, լինելու են ամենաժամանակակից ճոպանուղիները, ունենալու ենք նաեւ ամառային հանգիստը կազմակերպելու հնարավորություններ՝լինելու է միջազգային չափանիշներին համապատասխանող համալիր: Մեր հիմնական կապալառուն եղել է կանադական Ecosign կազմակերպությունը, որն աշխարհահռչակ կազմակերպություն է լեռնադահուկային համալիրների նախագծման ոլորտում»:
«Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը մանրամասն ներկայացնելով ծրագրի աշխարհագրական եւ բնակլիմայական առանձնահատկություններն ու կոմերցիոն նշանակությունը, տեղեկացրել է, որ հանգստավայրը կգործի ամբողջ տարի, կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու եւ բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առեւտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ: Ծրագրի շնորհիվ կստեղծվի շուրջ 1600 աշխատատեղ, ներդրումային արժեքը կազմում է 14,4 միլիարդ ՀՀ դրամ։
Ծրագրի շնորհանդեսից հետո մասնակիցները պատասխանել են լրագրողներին հուզող հարցերին, որից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, հնչել են առաջարկներ:



























