Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանն այսօր՝ ապրիլի 6-ին, գրավի դիմաց ազատ է արձակվել: Նման որոշում է կայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը՝ բավարարելով պոշտպանի միջնորդությունը:
Գայանե Գալոյանն ազատ է արձակվել 700 հազար դրամ գրավի դիմաց: Նա ազատության մեջ կլինի գրավը վճարելուց հետո: Նշենք, որ Գալոյանը կալանքի տակ էր 2017թ.-ի սեպտեմբերից:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին եւ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանը՝ Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:
Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:


























