Գերմանական Մյունստերում հարձակման զոհեր են դարձել երկու մարդ, երրորդ զոհը եղել է բեռնատարի վարորդը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բեռնատարի վրաերթի արդյունքում 3 մարդ է մահացել, վարորդը ինքնասպան է եղել: Տուժել է 20 մարդ, վեցը` ծանր վիճակում:
«3 մարդ է մահացել՝ 2-ը հարձակման զոհերն են եւ հարձակվողը, որն ինքասպան է եղել», — տարածաշրջանի նախարարի խոսքը մեջբերում են Sueddeutsche Zeitung-ը, FAZ-ը եւ Zeit-ը, պարզաբանելով, որ հարձակումը իսլամիզմի հետ կապ չունի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «խորապես ցնցված է Մյունստերի սարսափելի իրադարձություններից»: Կանցլերի հայտարարության մեջ ասվում է, որ «հնարավոր ամեն ինչ արվում է հանցագործությունը հետաքննելու եւ տուժածներին եւ նրանց հարազատներին աջակցելու համար»: Մերկելը շեշտել է, որ «անընդհատ կապ է հաստատում» ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերի հետ:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Մյունստերում հարձակումը անվանել է բռնության սարսափելի եւ ծանր դրսեւորում, աջակցել է զոհերի եւ զոհվածների հարազատներին:
«Մյունստերից ստացված հաղորդագրությունները սարսափելի են: Սա բռնության ծանր գործողություն է: Այս պահին իմ մտքերը զոհերի եւ նրանց հարզատների հետ: Իմ խորին ցավակցությունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին եւ ծանր ապրումներ ունեն: Շնորհակալ եմ տեղում աշխատող իրավապահներին եւ բժիշկներին», - ասվում է պետության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook- ում:
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը նույնպես ցավակցություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Մենք սգում ենք Մյունստերի հետ միասին: Իմ մտքերը զոհերի եւ նրանց հարազատների հետ են: Մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում են նրանց այս դժվար պահին: Ես նրանց մաղթում եմ ուժ եւ, իհարկե, տուժածներին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Շաբաթ հոգեկան շեղումներ ունեցող գերմանացի 49-ամյա տղամարդը մեքենայով վրաերթի էր ենթարկել մի խումբ մարդկանց:




























