Իր մեծությամբ Հայաստանի չորրորդ քաղաքը՝ Կապանը, ամայացման վտանգի առջեւ է։ Խոսքը ոչ թե ջրհեղեղի, երկրաշարժի կամ տարերային այլ աղետի մասին է, այլ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից հանքարդյունահանման վտանգների։ Այդ ընկերությունը նախատեսում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործել բաց եղանակով, այնինչ, ըստ «Էկոլուրի», հանքավայրի մի մասը գտնվում է անմիջապես քաղաքի տարածքում։ Հետեւաբար, Կապանը կհայտնվի պայթեցումների, փոշու եւ տոքսիկ տարրեր պարունակող միլիոնավոր տոննա ապարների ազդեցության տակ։ Տեղի մասնագետներն ահազանգում են, որ շահագործվող հանքի մոտեցումը բնակեցված շրջաններին կբերի սարսափելի հետեւանքների։ 

Հունվարի 13-ին Երեւանի «Օրհուս» կենտրոնում տեղի ունեցավ տվյալ նախագծի քննարկումը: Նախագիծը դեռ չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության, բայց ե՜ւ մարզպետարանը, ե՜ւ  Կապանի քաղաքապետը, ե՜ւ կառավարությունը նրա մասին արդեն խոսում են ինչպես իրականացման հանձնված նախագծի մասին: Նախագծի իրականացման համար առաջին հերթին հատվելու է 50 հազար ծառ, այսինքն` բոլոր մրգատու ծառերը, որոնք ընկերությունը գնել է բնակիչներից: Դրա համար անհրաժեշտ է միայն հողերի կատեգորիայի փոփոխման կառավարության որոշում: Որպես կանոն, որոշումն ընդունվում է հետեւյալ ձեւակերպմամբ` հանրային գերակա շահ ճանաչել հողատարածքը:  Այս փաստարկը բերվում է միշտ, երբ մասնավոր ընկերությունը մտադիր է մեծացնել սեփական շահույթը հանրային եւ ազգային սեփականության` ոսկու, պղնձի, մոլիբդենի, ցինկի, արծաթի, երկաթի եւ, վերջապես, ուրանի հաշվին:

Ո՜չ պետությունը, ո՜չ ժողովուրդը դրանից ոչինչ չեն շահում, իսկ Հայաստանը վերածվում է ապարների եւ պոչերի գլոբալ աղբանոցի: Հայաստանի ընդերքի բաց շահագործումը նրա վերջն է: Այդ կարծիքին եկան քննարկման մասնակիցները, ովքեր որոշեցին բողոքի հասարակական կամպանիա սկսել ինչպես տվյալ նախագծի մակարդակով, այնպես էլ Հայաստանում ընդերքի շահագործման հետ կապված կոնցեպտուալ որոշումների մակարդակով: