Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին անցյալ տարվա հուլիսի 1-ին 2 մարդու կյանք խլած ողբերգական վթարի գործով 5.5 տարվա ազատազրկման դատապարտված վարորդ Վիգեն Սեխլեյանի պաշտպանը Վերաքննիչ է դիմել:

Կարեն Քալանթարյանը պահանջում է բեկանել եւ փոփոխել առաջին ատյանի կայացրած դատավճիռն ու սահմանել նշանակվածից ավելի մեղմ պատիժ:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վարորդ Վիգեն Սեխլեյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով՝ 2 տարի ժամկետով էլ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: 

Նախաքննությամբ պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վիգեն Սեխլեյանը սթափ վիճակում 2017թ. հուլիսի 1-ին ժամը 07:33-ին Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում, 70-80 կմ/ժ արագությամբ, առանց նախապես համոզվելու վազանցի կատարման անվտանգության մեջ, դուրս է եկել վազանցի, ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել հանդիպակաց ուղղությամբ ընթացող մեքենային: Վթարի հետեւանքով այդ մեքենայի ուղեւորները՝ հարս ու սկեսուր, մահացել են: