Չինաստանում՝ տիբեթյան Նգարի շրջանի (Թիբեթի Ինքնավար մարզ՝ Հարավ-Արեւմտյան Չինաստան) Զանդ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, հնագետներն ավելի քան 3 հազար տարվա հնության գերեզմանոց են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը:
«Ընդհանուր առմամբ, մեզ հաջողվել է ինը գերեզման գտնել»,- պատմել է Մշակութային ժառանգության պաշտպանության տիբեթյան ինստիտուտի աշխատակից Շաքա Վանդույը: Նրա խոսքով՝ ռադիոածխաջրածնային վերլուծության մեթոդի կիրառմամբ գիտնականները պարզել են, որ հայտնաբերված գերեզմանները երկու շրջանի են պատկանում. առաջին խումբը 2.1-2.3 հազար տարեկան է, երկրորդը՝ 3-3.5 հազար: «Ավելի հին գերեզմանների պատերը քարերով են ծածկված, որոնք գերեզմանի հատակից մինչեւ վերեւի հատվածը ձգվող յուրահատուկ պարույր են ձեւավորում»,- նշել է Շաքա Վենդույը:
Հնագետների խոսքով՝ աշխատանքների վայրում մի շարք հինավուրց գտածոներ են հայտնաբերվել, որոնց թվում կերամիկական իրեր, կավե սպասք, բրոնզե զանգեր, օղակներ, ինչպես նաեւ ոսկորների մնացորդներ են հայտանբերվել:
Մասնագետները նշում են, որ այս գտածոները ներկայում «Տիբեթի տարածքում հայտնաբերված ամենահին գերեզմաններն են, որոնցում բրոնզե իրեր են պահպանվել»:




























