Քրեական գործը հարուցվել է առանց Քրեական օրենսգրքով քրեական գործ հարուցելու հիմքի: Այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի եւ Կարեն Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ նման կարծիք հայտնեց փաստաբանների պաշտպան Հայկ Սարգսյանը:
«Այս գործի աբսուրդն այն աստիճան է, որ քննչական մարմինը հրաժարվում է իրականացնել իր պարտականությունները: Քննիչին միջնորդում ենք, որ հանի վերծանումները ու պարզի, որ տվյալ օրը տվյալ ժամին տվյալ վայրում այդ մարդիկ չեն գտնվել, քննիչը միջնորդությունը մերժում է այն պատճառաբանությամբ, թե վկաներին, տուժողին նախազգուշացրել է սուտ ցուցմունք տալու համար եւ իրենց ցուցմունքները կասկած չեն հարուցում»,- ասաց Հայկ Սարգսյանը:
«Իրավապահների սովորական «նաեզդ» է փաստաբանների դեմ»«- ասում է Ալեքսանդր Սիրունյանը։ Նա պատմեց, որ 2016-ին տեխզննման գործով պաշտպանել են մի մարդու։ 1,5 տարի առաջ իրենց վստահորդը՝ Սամվել Բարխոյանը, 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ գումարը վճարել է վերջինիս «միլպետ» բարեկամը՝ Խորեն Բարխոյանը:
«Երբ վստահորդիս կրկին կալանավորում են, մուծած գրավը գալիս է մեր գրասենյակ, քանի որ ես էի վճարել: Դրանից հետո հայտնվում են Սամվել Բարխոյանի քույրն ու կինը եւ պահանջում գրավի գումարը: Ես նրանց պատասխանել եմ, որ ինձ գումարը տվել է Խորեն Բարխոյանը, գումարը մուծել եմ առաջին կնոջ որդու՝ երգիչ Վոլոդյա Բարխոյանի հետ, նրանց կտամ, բայց ձեզ չեմ տա: Համ էլ ասացի՝ ուր են ձեր տղամարդիկ, վաղուց չեն երեւում գրասենյակում, չլինի՞ նրա համար, որ մեզ փող եք պարտք: Ես նրանց ասել եմ նաեւ, որ մենք կանանց հետ նախ չենք զրուցում, երկրորդն էլ ձեզ հաստատ չեմ տալու։ Վոլոդյային կտամ, Վոլոդյայի մորն էլ կտամ, որովհետեւ այդ ընտանիքից եմ գումարը ստացել։ Իմ պատվիրատու միլպետ Բարխոյանին էլ կտամ: Այդ կանանցից մեկն ասում է՝ ով ձեր հետ պայմանագիր էր կնքել, կոմայի մեջ է։ Ասում եմ՝ իսկ միլպետ Բարխոյանը, ասում են՝ էնքան խառն է, չի կարողանում գալ: Ասում եմ՝ վեց ամիս է՝ ես իրեն եմ փնտրում, չի կարողանում գալ։ Էն մարդը, որը մեր օֆիսից դուրս չէր գալիս»,- պատմեց Ալեքսանդր Սիրունյանը՝ նշելով, որ այս ամենը տեղի է ունեցել 2016-ին:
Փաստաբանը նշեց, որ արդեն հունվարին իրենք ծանուցում են ստացել, որ այդ երկու կանայք բողոք են գրել, որ սեպտեմբերի 3-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքի մոտ իրեն ու Կարեն Կիրակոսյանին իբր տվել են 2 միլիոն 150 հազար դրամ: Փաստաբանի համար զարմանալի էր, որ ոստիկանությունը սկսել է քաղգործ քննել։ Սիրունյանը նաեւ նշել է, թե քննիչը ոչ օբյեկտիվ է քննել, անհիմն մերժել իրենց բոլոր միջնորդությունները։
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):



























