ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնացել է բրիտանական բանկերին, որոնք բիզնես են վարում նոր պատժամիջոցների տակ հայտնված ռուսական օլիգարխների եւ ընկերությունների հետ: Այս մասին Լոնդոնում ամերիկյան դեսպանատանը կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունում տնտեսական պատժամիջոցների հարցով պատասխանատու Սիգալ Մանդելկերը, փոխանցում է Bloomberg-ը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ կարող է կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնք աշխատում են պատժամիջոցների տակ հայտնված ռուսների հետ․ «Անկասկած, բրիտանական ֆինանսական կազմակերպությունների համար հետեւանքներ կլինեն։ Հնարավոր է՝ երկրորդական պատժամիջոցներ սահմանվեն»,-եզրափակել է նա։
Ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսական օլիգարխների եւ ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում են հայտնվել US Rusal-ի սեփականատեր Օլեգ Դերիպասկան, սենատոր Սուլեյման Քերիմովը, «Ռենովա» ընկերությունների խմբի ղեկավար Վիկտոր Վեկսելբերգը։ Ընդհանուր առմամբ, այդ ցուցակում են հայտնվել 14 ռուսական ընկերություններ եւ 24 ռուսներ։



























