Նոր հնագիտական հայտնագործությունները կարող են փոխել նախապատմական ժամանակներում Աֆրիկայից մարդկանց միգրացիայի մասին պակերացումները, հաղորդում է BBC-ն։
Բրիտանացի, ամերիկացի, սաուդցի եւ ավստրալիացի գիտնականների հետազոտությունից պարզ է դառնում, որ արդեն 85 հազար տարի առաջ, հնարավոր է, մարդիկ ապրել են ժամանակակից Սաուդյան Արաբիայի տարածքում։ Մինչ այժմ գիտության մեջ գերակշռել է այն պատկերացումը, որ առաջին մարդիկ Աֆրիկայի սահմաններից դուրս սկսել են ապրել ոչ վաղ, քան 60 հազար տարի առաջ։
Այն ենթադրությանը, որ հնագույն մարդիկ ավելի վաղ են դուրս եկել Աֆրիկայի սահմաններից, գիտնակնները հանգել են ոչ մեծ գտածոյի ուսումնասիրության արդյունքում։ Հնագետները Սաուդյան Արաբիայում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերել են մատի ֆալանգի ոսկոր, որի 3D մոդելի ստեղծման արդյունքում գիտնականները մեծ հավանականությամբ համարում են, որ այն պատկանել է Homo sapiens-ին՝ բանական մարդուն, քանի որ նեանդերթալցու ոսկորները, որպես կանոն, ավելի կարճ են եւ հաստ։
Ի թիվս այլնի, Էլ Վուստա նահանգի պեղումների ժամանակ հայտնավերվել են տարբեր գործիքներ, որոնք, կարծես թե, Homo sapiens-ը օգտագործել է։




























