Չինաստանի իշխանությունները մտադիր են ավելացնել մի շարք ֆինանսական կազմակերպությունների կապիտալում օտարերկրյա ներդրողների մասնակցության թույլատրելի մասնաբաժինը: Այս մասին Բոաոյում Ասիական տնտեսական համաժողովում հայտնել է Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Ի Գանը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բրոքերային, ապահովագրական, ֆոնդային ընկերություններում, ինչպես նաեւ ֆյուչերսային գործարքներով զբաղվող կառույցներում կապիտալում օտարերկրյա ներդրողների առավելագույն թույլատրելի մասնաբաժինը կաճի մինչեւ 51 տոկոս: Երեք տարվա ընթացքում այս կապակցությամբ որեւէ սահմանափակում չի լինի», - ասել է նա:
«Բացի այդ, արտասահմանյան բանկերին կթույլատրվի Չինաստանում բացել մասնաճյուղեր եւ դուստր ձեռնարկություններ», - շարունակել է նա:
Կենտրոնական բանկի նախագահը նաեւ նշել է, որ ապահովագրական հատվածում նույնպես արտասահմանյան կապիտալի մասնակցության համար զգալի զիջումներ են նախատեսվում:
Նա ընդգծել է, որ այս միջոցառումների զգալի մասը կիրականացվի մինչեւ այս տարվա հունիսի 30-ը, իսկ մյուսները` մի քանի ամսվա ընթացքում:



























