Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ավտոերթի մասնակիցները քիչ առաջ հասել են Կոտայքի մարզի Պտղնի գյուղ, որտեղ այսօր երեկոյան հասել էին Նիկոլ Փաշինյանի քայլարշավի մասնակիցները։
Երթի մասնակիցները հանդիպել եւ ողջունել են Նիկոլ Փաշինյանին որը հայտարարել է, թե իրենք հաղթելու լուրջ շանս ունեն։ «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ վաղը Ազատության հրապարակում, եւ մենք կապահովենք Հայաստանի քաղաքացիների հաղթանակը»,- ասել է Փաշինյանը։
Ավտոերթը մեկնարկել էր Բրազիլիայի հրապարակից եւ միացել Մաշտոցի պողոտայում հավաքված ցուցարարներին։ Որից հետո որոշվել էր ավտոերթ անել դեպի Բաղրամյան պողոտա՝ իրազեկելով վաղը՝ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։
Նշենք, որ այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները անսպասելիորեն փակել էին Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում։
Ցուցարարները նաեւ վրան էին դրել փողոցի մեջտեղում։ Ոստիկանները հանել եւ տարել էին վրանը, սակայն մոտ մեկ տասնյակ երիտասարդներ նստել էին գետնին, անգամ պառկել եւ փակել են պողոտայի երթեւեկությունը։ Ոստիկաններն ուժով բացել էին փողոցը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։




























