«Եվրատեսիլ-2011»-ի մրցույթի համար Հանրային հեռուստաընկերությունը 20-30 երգ արդեն  իսկ ստացել է, սակայն դրանց մեջ առավել հետաքրաքրական են 1-2-ը. այդ է պատճառը, որ պատրաստվում ենք մի փոքր երկարաձգել մրցութային երգերի ընդունման ժամկետները»։ Հունվարի 15-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։

«Եթե ասեմ, որ այդ շատ երգերի մեջ կան այնպիսինները, որոնք մենք կցանկանայինք ներկայացնել հանդիսատեսի դատին, ճիշտ չի լինի։ Կան հետաքրքիր 1-2 երգեր։ Դրա համար հավանաբար 10 օրով կերկարացնենք մրցույթի ժամկետները։ Բացի այդ, մի շարք հայտնի կոմպոզիտորներ դեռեւս չեն ներկայացրել իրենց երգերը»,- տեղեկացրեց Հարությունյանը։

Անդրադառնալով մանկական Եվրատեսիլի թեմային՝ նա չբացառեց, որ այդ մրցույթը 2011-ին կարող է անցկացվել Հայաստանում։ «Շատ հնարավոր է, որ այս տարի մանկական Եվրատեսիլն անցկացվի հենց Հայաստանում։ Եթե առաջ ասում էինք, որ դրա հավանականությունը փոքր էր, ապա այժմ դրա հավանականոթյունը շատ մեծ է»,- տեղեկացրեց Հարությունյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ մանկական «Եվրատեսիլ 2011»-ի՝ Հայաստանում անցկացնելու դեպքում ծախսերին մեծապես կաջակցի նաեւ Եվրոպական հեռարձակողների միությունը։ «Այդ դեպքում մրցույթը հյուրընկալող երկրին  բավական շոշափելի դրամական աջակցություն կցուցաբերվի»,- ամփոփեց նա։