Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցումը կհավասարակշռի իշխանության ամենաբարձր պաշտոնյաների իրավունքները եւ պարտականությունները: Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանի պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ինչպես հիշեցրեց պատգամավորը,  նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը խորհրդարանի հատուկ նիստում իր ելույթում նշեց, որ մարդիկ, ովքեր կասկածում են խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությանը, երկու տարուց կհասկանան, թե որքան սկզբունքորեն է այն տարբերվում է նախագահական կամ կիսանախագահական համակարգից. «Տարբերությունն այն է, որ նախագահական հանրապետությունում նախագահը  անմիջական պարտականություն չունի խորհրդարանի հետ շփվելու եւ բարձրաստիճան պաշտոնյաների իրավունքների եւ պարտականությունների միջեւ անհամաչափություն կա, ինչը խնդրահարույց է», - ասաց ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման ձեւն ունի հետւեյալ առավելությունը. եւ իրավունքները, եւ պարտականությունները կենտրոնանում են խորհրդարանում, խորհրդարանն ընտրում է վարչապետին, հաստատում է կառավարական ծրագիրը եւ արձագանքում է նախարարների եւ կառավարության գործողություններին:

«Այս համակարգն ավելի արդյունավետ է, եւ պատահական չէ, որ աշխարհի շատ երկրներ ունեն խորհրդարանական կառավարման համակարգ», - եզրափակեց Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին խորհրդարանի արտահերթ նիստում Հայաստանի նախկին նախագահը ընտրվեց վարչապետ: 2015 թվականին Հայաստանում իրականացվել էր սահմանադրական բարեփոխում, որի արդյունքում երկիրը անցում կատարեց խորհրդարանական կառավարման ձեւին: