Երեւանի Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին ցուցարարները 100 մետր երկարությամբ եռագույն դրոշ են բացել։

Ցուցարարները հանրահավաքը սկսել են ազգային օրհներգի կատարմամբ։ Հանրահավաքը վարող Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ երկար դրոշը կարվել է ապրիլիյան պատերազմի ժամանակ եւ այն ուղարկել է Իսպանիայի հայ համայնքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: