ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են լրագրող Տիրայր Մուրադյանի վրա եւ ծեծի ենթարկել նրան: Տիրայր Մուրադյանը հիվանդանոց է տեղափոխվել: Մինչեւ հետազոտության պատասխանները (գլխի համակարգչային տոմոգրաֆիա, արյան ընդհանուր անալիզ և այլն) ստանալը նա հոսպիտալացված է:

Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ Տիրայր Մուրադյանը բեյջ է կրել իսկ տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել միջադեպին: Ինքը Տիրայր Մուրադյանը արդեն հիվանդանոցում հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել իր լրագրողական պարտականությունները կատարելիս:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր պետք է շրջափակեն նաեւ կառավարության եւ այլ կառավարական շենքեր: Այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստի օրն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծել են լրագրող Տիրայր Մուրադյանին. Դավիթ Սանասարյան