Երեւանում ընթացող ցույցերը բացասական ազդեցություն կունենան զբոսաշրջության զարգացման վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

«Մի շարք երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին չայցելել Հայաստան, քանի որ այն չի համարվում անվտանգ։ Այնինչ մեր բազմաթիվ ջանքերի շնորհիվ հասել էինք նրան, որ Հայաստանը մի շարք կազմակերպությունների եւ երկրների կողմից համարվում էր զբոսաշրջության համար ամենաանվտանգ երկրներից մեկը։ Սակայն, արդեն իսկ մենք որոշակի կորուստներ ունենք»,-նշել է Կարայանը։

Սուրեն Կարայանը անհասկանալի է համարում ցույցերի սկսման ժամանակը։ Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն ժողովրդի կողմից իր քվեն ստացել է 2017 թվականին, եւ դրանից հետո բնականոն գործընթացն է վարչապետի առաջադրումը։ Նրա համոզմամբ՝ ցույցերն անտեղի են, քանի որ երկրում իշխում է ոչ թե մեկ մարդ, այլ քաղաքական կուսակցություն։ «Կա մեկ խնդիր. երբ երկիրը սկսում է արագ զարգանալ, որի ականատեսը բոլորս ձեզ հետ եղանք, ու ընդամենը մի քանի տարի եթե կարողանայինք անընդմեջ այդ զարգացումներն ապահովել, ապա մեր բնակչության լայն խավերի համար դա կլիներ զգալի: Կան շատ պատճառներ, թե ինչու է ընդդիմությունը պարբերաբար ցույցեր անում: Դա չի նշանակում, որ այդ ցույցերն արդարացված են»,-եզրափակել է նա: