Այսօր գործադիր իշխանությունը միասնական է, ինչը հստակություն կմտցնի որոշումների ընդունման առումով։ «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, կան արդյոք նախագծեր, որն ինքը չէր կարող լուծել որպես նախագահ, բայց կարող է լուծել որպես վարչապետ։

«Ես ենթատեքստ եմ տեսնում ձեր հարցում։ Մամուլը գրում էր, թե ես խոստացել եմ իրականացնել Իրան-Հայաստան երկաթուղու եւ այլ նախագծերը»,- նշել է նա։

Նրա խոսքով, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի մեծ միջոցներ են պետք, քան ավտոմայրուղու կառուցման համար, եւ պետության համար ավելի էժան կլինի Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցելը, եւ արդյունքն ավելի մեծ կլինի: «Ինչ վերաբերում է ատոմակայանին. այո, մենք մշտապես պետք է ունենանք ատոմային էներգիա, բայց մենք նաեւ պետք է մտածենք, թե ինչ չափով եւ ինչպես զարգացնենք այդ բնագավառը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա կարծիքով, այնքան կարեւոր չէ հետեւել, թե ինչ է ասվել, որքան գործել երկրի շահերից ելնելով։ մի բան է, երբ ծրագիր ես գծում, այդ ծրագրում տարբեր թվեր ես հնչեցնում, դրանք ցուցանիշներ են, որոնց ձգտում ես հասնել, եւ դա համեմատել երդման հետ, ասել՝ չէ, դու երդվել ես, երդումդ խախտում ես, որքանո՞վ է դա տրամաբանական, որքանո՞վ է ճկունություն հաղորդում: Այո՛, քաղաքական պատասխանատվություն կարող է լինել։ Պետք է տարբերել քաղաքական գնահատականները անձնականներից։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ պատերազմներ եւ ճգնաժամեր են լինում։ Մեզ հաջողվեց հաղթահարել պատերազմներն ու ճգնաժամերը։ ՀՆԱ-ն աճեց 2,1 անգամ»,- նշել է վարչապետը:

«Ենթադրենք՝ ՀՆԱ-ն ավելացել է 10 կամ 20 անգամ: Եթե մարդու աշխատավարձը 150 հազար դրամ է, իսկ ձմռանը գազի համար պետք է տա 30 հազար դրամ, այդպես էր 2007-ին, այդպես էր 2017-ին, ինչպե՞ս են այդ 10 անգամ բարձրացած ՀՆԱ-ն կամ բանկերի ավանդները կամ բոլոր թվերը անդրադառնալու մարդու առօրյայի վրա»,- նշել է նա:

«Որպեսզի ենթադրություններով չխոսենք, եկեք թվերով խոսենք. նվազագույն ամսական աշխատավարձը 2007 թ. եղել է 15 հազար դրամ, այսօր 55 հազար է, գրեթե 4 անգամ ավելացել է: Միջին ամսական աշխատավարձը եղել է 62 հազար, միջինն եմ ասում, եթե տարվա արդյունքներով ասեմ, ավելի բարձր կլինի, հիմա 184 հազար է, 3 անգամ ավելացել է: Արդյո՞ք սա փոփոխություն չէ:  Բա ինչպե՞ս անենք, որ 100 անգամ ավելանա: Եվ, ընդհանրապես, աշխարհում կա՞ այդպիսի օրինակ, որ միանգամից 100 անգամ ավելանա: Չկա այդպիսի բան: Որպեսզի ավելի հստակ լինի, որ առօրյան նույնը չի մնացել, պետք է ասեմ, որ իրական միջին աշխատավարձի ինդեքսն այն ժամանակվա 100-ի վրա հիմա 168 տոկոս է, այսինքն՝ մարդկանց կյանքը բարելավվել է: Ակնհայտ է դա: Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա պետք է ասեք, որ՝ բա եթե բարելավվել է մարդկանց կյանքը, ինչո՞ւ 30 տոկոս աղքատություն կա հանրապետությունում: Մարդիկ բնավորություն ունեն թվերը կլորացնելու դեպի բացասական կողմը: Այո´, աղքատությունը մեր երկրում կազմում է 29.2 տոկոս, բայց պետք է ասեմ, որ աղքատությունը գնահատական է, իսկ ՀՆԱ-ն ճշգրիտ թվերի հանրագումար է: Սա գնահատական է՝ հենված մի անգամ 5000, մի անգամ 6000 տնային տնտեսությունների արդյունքների վրա, եւ աղքատությունը գնահատվում է ո´չ թե եկամուտով, այլ սպառումով: Այստեղ մտածելու տեղ կա»,- ասել է նա: