Ապրիլի 20-ի, ժամը 13։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից 2-ը թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:

Մեկ տուժած գտնվում  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում  անհրաժեշտ բուժում։

Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: