Երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեջբերելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի» 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նշենք, որ Երեւանում ընթացող ցույցերը և երթերն ուղեկցվում են քաղաքացիների կողմից ավտոմեքենաներով ճանապարհները փակելու ակցիաներով։

Գրառման տակ օգտատերերից մեկն առաջարկել է մեջբերել նաեւ, թե որ օրենքով են քաղաքացիներին բերման ենթարկում հասարակական տրանսպորտով:

Նշենք, որ այսօր Ազատության պողոտայում ոստիկանները իջեցրին հասարակական ավտոբուսի վարորդին եւ ակտիվիստներին բերման ենթարկեցին ավտոբուսով:

Նշենք, որ Երեւանում մռայլ եղանակ է, քաղաքի որոշ հատվածներում անձրեւ է գալիս:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցնում են ցանցային պայքարի եւ կաթվածահար պետք է անել երթեւեկությունը քաղաքի բոլոր փողոցներում:

Այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:

Նշենք, որ առավոտից փակվել-բացվել են մասնավորապես, Գյուլբենկյան փողոցը, Կոմիտասի պողոտան, Մաշտոցի պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Եղվարդի մայրուղին, Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Ազատուիթյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Երեւան-Աբովյան ճանապարհը, Վարդանանց փողոցը, կորյուն փողոցը, Պուշկին փողոցը եւ այլն:

Ժամը 15.30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 183-ի: