Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ չի ծրագրում հանգստի գնալ գործող կառավարության հրաժարականից հետո, որը տեղի կունենա 2018թ. մայիսի 7-ին, նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից հետո հաղորդում է ՌԲԿ-ն:
«Ես դեռ չեն պատրաստվում հանգստանալ: Պատրաստ եմ աշխատել եւ կաշխատեմ այնտեղ, որտեղ կկարողանամ առավելագույնս օգտակար լինել իմ երկրին»,- հայտարարել է նա:
Մեդվեդեւի խոսքով՝ իր կառավարությունը վերջին տարիներին աշխատել է աննախադեպ պայմաններում: «Այդ պայմանները ձեւավորվել են, մի կողմից, այնպիսի ճգնաժամի ֆոնին, որը եղավ 2008 թվականին, մյուս կողմից՝ համաշխարհային տնտեսությունում անբարենպաստ փոփոխությունների եւ պատժամիջոցների, որոնք առաջացան արդեն 2014 թվականին: Այդ ամենը ցնցումներ առաջացրեց, որը մեր երկիրը չէր զգացել նորագույն պատմության որեւէ ժամանակահատվածում»,- ասել է ՌԴ վարչապետը:
Մարտի 18-ին նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երդմնակալությունից հետո փոփոխություններ է կատարելու կառավարությունում: Նա նշել էր, որ կառավարության կազմը կարող է փոխել միայն նախագահը, որը նոր ժամկետով կստանձնի լիազորությունները: «Այդ պատճառով հիմա ես կմտածեմ, թե ինչ եւ ինչպես է պետք անել»,- ասել է նա՝ միաժամանակ չհստակեցնելով, ում եւ որ պաշտոնում է տեսնում:
Այդ ժամանակ Պուտինին նաեւ հարցրել են, արդյո՞ք որոշում կայացրել է վարչապետի թեկնածուի հարցով եւ արդյո՞ք այդ պաշտոնը նորից կզբաղեցնի կառավարության գործող ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը: Պուտինը վստահեցրել էր, որ մտածում է այդ մասին: «Բայց ավելի առարկայական կսկսեմ մտածել այսօրվանից»,- հավելել էր նա:



























