ՍԴ-ին է վերապահված երկրի քաղաքական գործընթացները սահմանադրական շրջանակներում պահելու եւ առաջացած խնդիրներն այդ շրջանակներում լուծումներ գտնելու առաքելությունը: Այս մասին ԱԺ-ում, ՍԴ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ՍԴ անդամի միակ թեկնածու Էմիլ Բաբայանը:

Նրա խոսքով, Սահմանադրական արդարադատության համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քաղաքական գործընթացները սահմանադրական կարգավորումների շրջանակներում պահելու առաքելության իրականացման ընթացքում ցանկացած բացթողում լուրջ բացասական անգամ ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ:

Բաբայանն իր ելույթում նկատեց, որ ՍԴ-ն գործերը քննում եւ որուշումներ կայացնում է կոլեգիալ սկզբունքով, դա նշանակում է, որ որոշումները կայացվում են կոնսենսուսով. «Կարող է տպավորություն լինել, որ մեկ դատավորի դիրքորոշումը կարեւոր չէ, բայց շատ կարեւոր է, թե դատավորն ինչ փաստակներ է ներկայացնում եւ որքանով են դրանք համոզիչ»:

Էմիր Բաբայանը կարեւոր համարեց երկրի ինքնաիշխանությունն ու ժողովրդավար բնույթը. «Իհարկե, 21-րդ դարում անհնար է մեկուսանալ եւ չանդամակցել վերազգային կառույցների, ինչը նշանակում է ինքնիշխանության որոշակի զիջում, սակայն նման կառույցներին անդամակցելը արվում է միմիայն պետությունը տնտեսական կամ ռազմական առումով էլ ավելի հզորացնելու նպատակով: Եթե չկան դրա դիմաց հստակ ծանրակշիռ արդյունքներ, ապա ինքնիշխանության որեւէ զիջում անընդունելի եմ համարում»,-ասաց նա:

Էմիլ Բաբայանի խոսքով, հաջորդ կարեւոր սկզբունքը իրավական պետություն ունենալն է, որի ողջ գործունեությունը խարսխված է իրավունքի վրա. «Իրավական պետության համար պարտադիր պայման է իշխանությունների տարանջատման սկզբունքը, իրավունքի գերակայությունը, դատարանների անկախությունը»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց, թե արդյոք ճիշտ չէր լինի, որ ՍԴ դատավորն ընտրվեր մրցույթո. «Այդ դեպքում անկողմնակալ, անաչառ հանձնաժողովը կկարողանար հավակնորդների ցանկի ընտրություն կատարել, այդ թվում՝ նաև ձեզ»:

Ի պատասխան Էմիլ Բաբայանն ասաց, որ այս պահին գործող իրավակարգավորումներով հատուկ ընթացակարգ է սահմանված, որը բարդ եւ մրցակցային է. «Կան չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում անձը կարող է հավակնել ՍԴ դատավորի կոչման, և բացի դրանից, իշխանության բոլոր ճյուղերը հնարավորություն են ստանում իրենց չափորոշիչներով ներկայացնել իրենց թեկնածուին: Բացի այդ, պատգամավորները թեկնածուին հավանություն են տալիս ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով: Կարծում եմ՝ դա չափազանց բարձր շեմ է արժանի թեկնածու ընտրելու համար»,-ասաց թեկնածուն՝ հավելելով, որ ՀՀ նախագահի իրավասությունն է ստեղծել իրեն կից հանձնաժողով, որը կներկայացնի թեկնածուների:

Նշենք, որ Էմիլ Բաբայանին ՍԴ անդամի թեկնածու է առաջարկել ՀՀ նախագահ ԱՐմեն Սարգսյանը:

Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանին. Ինչո՞ւ են 32 ՀԿ-ներ դեմ