Չինացի գիտնականներին հաջողվել է մշակել թաղանթային կառուցվածքով նոր նյութ, որը թույլ է տալիս աղը անջատել ջրից, նաեւ ունի ջուրը մաքրելու այլ ֆունկցիաներ։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «Սինհուան», գրում է, որ համապատասխան հետազոտությունները իրականացվել են Չժեցյանի համալսարանի պրոֆեսոր Չժան Լինի ղեկավարությամբ։
Գիտնականներին հաջողվել է ստեղծել թաղանթ, որը բաղկացած է նանոչափսեր ունեցող պղպջակներից ու խողովակներից։ Ջուրը անցնում է նոր նյութի միջով գրեթե քառակի արագ, քան ավանդական անալոգների միջով, որոնք կիրառվում են ջրի զտման համար։ Չժան Լինի խոսքով՝ հայտնագործությունը կարող է գործածվել ջրի զտման համակարգերում տան պայմաններում, արդյունաբերական զտման համար ու ծովի ջուրը քաղցրահամ դարձնելու ժամանակ։ Տվյալ նախագիծն արդեն պատրաստ է անցնել կոմերցիոն ներդրման փուլ։
ՉԺՀ վիճակագրական պետական վարչության պաշտոնական տվյալներով՝ 2017-ին Չինաստանի ընդհանուր ներդրումները գիտահետազոտական ու կոնստրուկտորական աշխատանքների մեջ հասել է 280 մլրդ դոլարի, 11․6 տոկոսով գերազանցելով 2016-ի ցուցանիշը։
2016-2020 թթ հնգամյա պլանի համաձայն՝ Չինաստանը մտադիր է մինչեւ 2020 թ․ այդ ոլորտում ծախսերը ավելացնել մինչեւ 79․3 հազար դոլար՝ բնակչության յուրաքանչյուր շնչի համար։ 2014-ին այդ ցուցանիշը կազմում էր 58․7 հազար։ Չինաստանում 2015-ի վերջի դրությամբ այդ ոլորտներում ներգրավված է եղել 5․3 մլն մարդ։




























