Facebook ընկերությունը Բարսելոնայում գրասենյակ է բացում, որի նպատակը «կեղծ լուրերի» դեմ պայքարն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Cinco Dias-ը:
9 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 8 հարկանի գրասենյակը տեղակայված կլինի Agbar հայտնի աշտարակում, որտեղ Competence Call Center ընկերության 500 աշխատակից կաշխատի: Այստեղ աշխատել ցանկացողները պետք է տիրապետեն ֆրանսերենի, իսպաներենի, դանիերենի, շվեդերենի, իտալերենի, նորվեգերենի եւ պորտուգալերենի: Բացի այդ՝ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ծրագրավորողների:
Ներկայում նման կենտրոն է գործում գերմանական Էսենում:
Ավելի վաղ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ մինչեւ տարեվերջ սոցցանցն ավելի քան 20 հազար մարդու է ընդունելու աշխատանքի, որոնք հետեւելու են օգտատերերի կոնտենտի պահպանությանը:





























