Գնահատման եւ թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է շրջանավարտների տարբեր առարկաներից միասնական (2011 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:

ԳԹԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այդ առարկաներն են Հայոց լեզու եւ հայ գրականություն, Մաթեմատիկա, Հայոց պատմություն, Ընդհանուր պատմություն, Քիմիա, Ֆիզիկա, Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), Աշխարհագրություն, Կենսաբանություն:

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:

Շրջանավարտները (դիմորդները) դիմում-հայտ են լրացնում իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երեւանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Միասնական քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`

- 3x4 չափի լուսանկար,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
- ՎՏԲ Հայաստան բանկում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի 160481037341  հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ եւ վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:

Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետեւյալ դիմորդները`

- պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
- 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
- առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: